ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը պատկերացնում է որպես բարձր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկիր: Այդ մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
«Մենք Հայաստանը չենք պատկերացնում սևագործ աշխատանք կատարող աշխատուժով երկիր: Իհարկե, սա էապես կապված է կրթության, կրթական բարեփոխումների հետ: Հայաստանում աշխատուժի մեծ մասը պետք է լինեն բարձր որակավորում ունեցող, բարձր աշխատավարձեր ստացող մարդիկ»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ սոցիալական արդարության սկզբունքը մտադիր են ներդնել գույքահարկի նոր համակարգ ներդնելու միջոցով:
«Այսօր անընդհատ խոսվում է հարուստներ-աղքատների մասին, բայց կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ոչ ոք աշխատավարձով մեծահարուստ չի դարձել: Դրա համար ոչ թե ծանրությունը պետք է դնել աշխատավարձերի վրա՝ կանխարգելելով դրանց բարձրացումը, այլ պետք է գույքի վրա դնել, որովհետեւ գույքը հստակ ցույց է տալիս, թե ով է հարուստ, ով է աղքատ: Ինչու հիմա դա չենք անում, որովհետև, ցավոք, այսօր համապատասխան հնարավորություն չունենք, մեր գույքահարկի բազաները թարմացման անհրաժեշտություն ունեն»,- ասաց Փաշինյանը:










































