Մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից 11 տարի է անցել, և առաջին անգամն է, առաջին գարունն է, որ քաղաքական ուժերի և քաղաքացիների շնորհիվ այլ իրավիճակ է, հիմա է, որ մարտիմեկյան դեպքերին տրվում է քաղաքական գնահատական և պետական մակարդակով անդրադարձ կա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում պատմաբան Վահրամ Թոքմաջյանը, անդրադառնալով հարցին, թե ո՞րն է այսօրվա գլխավոր անելիքը, նշեց. «Վերականգնել ժամանակի և տարածության այն խախտումը՝ պետականության համար, որն ունեցանք Մարտի 1-ի հետևանքով: Չեմ քննարկում խնդրի հուզական կողմը, դա երբեք չի վերականգնվի հատկապես այն մարդկանց համար, ովքեր կորուստներ ունեցան: Բայց պետության համար դա ժամանակի և տարածության խախտում էր, քաղաքացիական գիտակցության ոչնչացում: Մարտի 1-ի շահառուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է… Մարտի 1-ը պետության հիմքի խարխլումն էր, եկել է դրա քաղաքական հետևանքը, պետությանը հասցված վնասը վերացնելու ժամանակը»:
Պատմաբանի գնահատմամբ՝ շատ կարևոր է Փաշինյանի մարտիմեկյան ուղերձի քաղաքական բովանդակությունը: Նրա խոսքով այդ ուղերձով փակվեցին բոլոր այն բերանները, որոնք խոսում էին իշխանության կողմից դատարանների վրա ճնշումների մասին:
«Նախկին իշխանությունները մեզ գարուն պարտք չէին, նրանք պատասխանատու էին իրենց խլածի համար»,- ընդգծեց Վ. Թոքմաջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































