Բրիտանական The Economist պարբերականի փորձագետները կազմել են համաշխարհային տնտեսության սպառնալիքների նոր վարկանշային ցանկը:
Զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության հեռանկարները գնալով վատթարանում են: Փորձագետները ենթադրում են, որ 2019-ին տնտեսական աճի տեմպերը կնվազեն մինչև 2.8%, իսկ 2020-ին՝ մինչև 2.6%, փոխանցում է РБК-ն:
Տնտեսական աճին խոչընդոտող հանգամանքներից փորձագետներն առանձնացրել են 10 կարևորագույնները:
Առևտրային պատերազմներ: Համաշխարհային տնտեսության առավել լուրջ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հակամարտության վերածումը լայնամասշտաբ պատերազմի:
Հետընթացն ԱՄՆ-ում: Պարբերականի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա երկու տարում ԱՄՆ տնտեսությանը կհաջողվի խուսափել կործանարար անկումից, թեև երկրի ՀՆԱ-ի աճը կդանդաղի 2019-ին 2.3%-ով և 2020-ին՝ 1.5%-ով: Մասնագետները նշում են, որ անկումը կարող է առավել մեծ լինել ԱՄՆ ֆինանսական հատվածի խոցելիության պատճառով:
Տնտեսական աճին սպառնացող գործոնների առաջատար տասնյակում մասնագետները նշել են լայնամասշտաբ ճգնաժամը զարգացող շուկաներում, նավթի գնի կտրուկ աճը, Հարավչինական ծովում կղզիների պատկանելիության շուրջ վեճերի պատճառով հնարավոր պատերազմները, համացանցի կարևոր հատվածներին կիբեռհարձակումների հասցրած վնասը, պատերազմի սկիզբը Կորեական թերակղզում, Մեծ Բրիտանիաի դուրս գալը ԵՄ կազմից, Իտալիայում բանկային ճգնաժամի բռնկումը, երկարատև ճգնաժամի սկիզբը Չինաստանում:











































