Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը իր հավատարագրերն է հանձնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին (Miloš Zeman)։
Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական է տվել հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 300%-ով։ Նախագահին հետաքրքրել են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ժողովրդավարական բարեփոխումները։ Քննարկվել են բարձրաստիճան հնարավոր այցերը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ուղղել նախագահին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ հատկապես առանձնացնելով Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դիրքորոշումը։ Ներկայացվել են նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։








































