«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն է։

–Տիկին Հայրապետյան, վերջին մի քանի ամիսներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը բավական արագ ընթացք է ստացել, հատկապես հունվարի 22-ին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո։ Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել կարգավորման գործընթացում։
–Կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանն, ըստ էության, իր առջև հստակ խնդիրներ է դրել և ակտիվորեն առաջ է մղում դրան: Մի կողմից մենք շարունակ պնդում ենք փոխվստահության մթնոլորտի ապահովման, հրադադարի ռեժիմի պահպանման, ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ խոսում Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու և եռակողմ բանակցային ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին: Արցախը պետք է անպայմանորեն մաս կազմի խաղաղության վերաբերյալ բանակցային քննարկումներին, քանի որ հնարավոր չէ առանց Արցախի ներկայացվածության ունենալ կայուն, ամբողջական և «աշխատող» խաղաղություն: Պարոն Լայչակի առաջիկա այցն ու միգուցե նաև հետագայում Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպումը կօգնեն հասկանալ գործընթացի հետագա զարգացումները, սակայն, փաստ է, որ այս փուլում Ադրբեջանը շատ ավելի զգուշավոր պետք է լինի սահմանին որևէ լարման գնալուց առաջ՝ հաշվի առնելով նաև միջազգային ուշադրությունը խնդրի վերաբերյալ:
–ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ուրվագծել են բանակցային գործընթացում իրենց հետագա քայլերը և կողմերին կոչ արել վստահության մթնոլորտ ձեւավորել, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, ամրապնդում իր ռազմական հզորությունը։ Արդյո՞ք հայկական կողմը գիտակցում է հնարավոր վտանգները եւ համապատասխան քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։
-Հայկական կողմը հստակ գիտակցում է և ուշիուշով հետևում Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին: Մեր աչքից չեն վրիպում ո՛չ ռազմատենչ կոչերը և ո՛չ էլ ռազմական գործարքները: Բայց հետևելուն զուգահեռ կարևոր քայլեր են ձեռնարկվում ուժերի խախտված բալանսը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Զենքի ձեռքբերման վերջին տեղեկություններն արդեն հասանելի են մամուլին, և դա շարունակական բնույթ է կրելու: Մենք հստակ գիտենք՝ որպեսզի ստիպենք Ադրբեջանին խոսել խաղաղության մասին, պետք է պատրաստ լինենք հնարավոր պատերազմի: Ադրբեջանը չի հանել ռազմական «լուծման» իր սցենարը օրակարգից, և դա ավելի քան գիտակցված է մեր համապատասխան շրջանակներում: Ավելին, ինչպես վերջերս վարչապետը նշեց իր ելույթում՝ «մեր արձագանքը կլինի համաչափ»:
–Ադրբեջանը նույնիսկ «տոնակատարություն» է արել՝ նվիրված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարող Ռամիլ Սաֆարովին՝ ոճրագործության 15-րդ տարելիցի օրը։ Նման պայմաններում արդյո՞ք պատեհ է խոսել վստահության որեւէ մթնոլորտի հնարավորության մասին։
–Նման դեպքերի բացառմանն էր ուղղված համանախագահների՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին» հայտնի կոչը: Պատրաստու՞մ է Ադրբեջանի իշխանությունը իր ժողովրդին խաղաղության, այս պահի դրությամբ՝ հստակորեն՝ ոչ: Մեր վերաբերմունքն էլ կլինի համարժեք: Մենք Արցախի հարցում հաստատակամ ենք և միասնական, ինչն, ըստ իս, մեր հաջողելու երաշխիքն է և լավագույն պատասխանը ադրբեջանական հակահայկական դրսևորումներին:









































