Սնվելը վերականգնում է օրգանիզմի ծախսած էներգիան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի խոհարարական ավանդույթների պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը խոսեց այն մասին, որ շատ կարևոր է սնվելուց առաջ գիտակցել այս փաստը, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հակոբյանը սննդամթերքի պատճառով ամառային թունավորումներից զերծ մնալու համար առաջարկեց օգտագործել բուսական սննդակարգ, որը հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքային աղերով և մի շարք այլ օգտակար հատկանիշներով, ու խորհուրդ տվեց խուսափել կենդանական ծագման սննդից։
Սեդրակ Մամուլյանը խորհուրդ տվեց օրը սկսել դյուրամարս սնունդով և ավարտել աղանդերով։ Նրա խոսքերով, մարդը օրը անցկացնում է երեք ցիկլով՝ սնվել, հանգստանալ, լիցքաթափվել։ Ժամը 12:00-20:00-ը սնվում է, 20:00-04:00-ը՝ հանգստանում, իսկ 04:00-12:00-ը մաքրման և լիցքաթափման ժամն է: Նրա խոսքերով, եթե մարդիկ պահպանեն ժամային այդ ցիկլը, ոչ առողջական, ոչ մարսողական խնդիրներ չեն ունենա:
Ինչ վերաբերում է նրան, թե ամռանը ինչպես սնվել թունավորումից զերծ մնալու համար, խոհարարը խորհուրդ տվեց խուսափել կենդանական ծագման սննդից։ Նա հետաքրքիր դիտարկում արեց՝ նշելով, որ խորոված ու քյաբաբ ուտելը ուղեկցվում է Թաթուլի, Թաթայի երգերով, ինչը կարծես հարմարեցված է, որ այս սնունդը հեշտ մարսվի, միաժամանակ ավելացրեց, որ սննդակարգը թելադրում է սեզոնականությունը: Հետևաբար խորհուրդ տվեց ուտել մրգեր, հյութեր, ինչ վերաբերում է՝ թե ինչ դասակարգմամբ, ավելացրեց՝ աղցաններով, սակայն՝ առանց մայոնեզի և կաթնային հավելումների, այնուհետև՝ ճաշ, որին հաջորդում է հիմնական կերակրատեսակը, իսկ վերջում աղանդեր, սակայն նախընտրելի է՝ մրգային: Միաժամանակ խոհարարը նկատեց, որ ուտելու չափ կա, և հագենալուց հետո չարժե օրգանիզմը ծանրաբեռնել։
Իսկ ինչպես զերծ մնալ երեխաների թունավորումներից, ինչն ավելի ակտուալ է։ Արմենուհի Հակոբյանը նշեց, որ այս ամիսներին երեխաները շատ են սիրում մրգեր, պաղպաղակ, հյութեր, հետևաբար խորհուրդ տվեց երեխաների քմահաճույքը բավարարելուց առաջ ստուգել ժամկետները։
Բանախոսները միաժամանակ խորհուրդ տվեցին օգտագործել 2-3 լիտր ջուր, քանի որ ամռան ամիսներին քրտնարտադրությունը մեծանում է, բացի այդ, մեր օրգանիզմի 80 տոկոսը բաղկացած է ջրից: Ի դեպ, խորհուրդ տվեցին օգտագործել տեղական սննամթերք, քանի որ այն սննդապես ավելի հարուստ է, իսկ արտասահմանյան մթերքը սննդակարգային հատկանիշներով անհամեմատ զիջում է իր դիրքերը տեղական բուսական բնամթերքին:











































