Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի», ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:
Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, պահանջել էին արդարացման դատական ակտ: «Մենք արդարացում ենք պահանջում, այլ դատական ակտ այս գործով ապօրինի է լինելու…»,- առաջին ատյանի դատարանում, դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Ապօրինի զենք պահելու համար նրանք դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման:
Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվել են 18 տարի ազատազրկման:
Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը:
Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:
Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժողների իրավահաջորդները պահանջել են պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, երեք մարդու սպանության համար մեղավոր ճանաչված երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:
Դատական անդրանիկ նիստը վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց աշխատանքային օրվա ավարտին, նշանակված ժամից ուշացումով՝ դատավորների կազմի մեկ դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով:
Գործը վերաքննիչ դատարանում քննվում է Կ. Մարդանյանի նախագահությամբ: Մյուս երկու դատավորներն են Ա. Մնացականյանն ու Ռ. Մխիթարյանը:
Նախագահողը տեղեկացրեց, որ ամբաստանյալների շահերի պաշտպանները նիստի սկսվելուց րոպեներ առաջ տեղեկացրել են դատարանին, որ այլ գործով մասնակցում են անհետաձգելի քննչական գործողության ու չեն կարող մասնակցել այս նիստին:
Դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը:
Իր պատասխաններով այս անգամ «աչքի ընկավ» «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը:
Նախագահողի հարցին՝ ստացե՞լ է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, Հախանումյանը պատասխանեց՝ այո: «Ընթերցե՞լ եք դատավճիռը»,- հարցրեց դատավորը: «Չեմ ընթերցել»,- անտարբեր տոնով պատասխանեց ամբաստանյալը: «Ինչո՞ւ, հետաքրքիր չէ՞ր»,- հարցրեց դատավորը: «Չէ»,- եղավ ամբաստանյալի պատասխանը:
«Մինչև դեպքը աշխատե՞լ եք»,- հարցրեց դատավորը և սպասեց «ոչ» պատասխանի, բայց Հախանումյանն անսպասելիորեն պատասխանեց. «Այո»: «Որտե՞ղ»,- հարցրեց դատավորը: «Գաղտնիք է»,- եղավ ամբաստանյալի պատասխանը…
Ամբաստանյալները չցանկացան, որ դատական նիստը շարունակվի իրենց պաշտպանների բացակայությամբ: Կողմերը չառարկեցին, որ նիստը հետաձգվի: Միևնույն է՝ աշխատանքային օրն էլ արդեն ավարտվել էր:
Միայն տուժողի իրավահաջորդը՝ Երրորդմասցի Լյովիկի հայրը, առաջարկեց նիստը շարունակել: Բայց դատարանը, պաշտպանների բացակայությունը համարելով հարգելի, նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 20-ին:









































