ԱՄՆ-ում կստեղծվի Արկտիկայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոն՝ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր ես սենատի իմ նախկին գործընկերներին իրազեկել եմ, որ պետդեպում շուտով կհայտնվի Արկտիկական տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա, ով պատասխանատվություն կկրի տարածաշրջանում մեր շահերի խթանման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետքարտուղարի խոսքով՝ Արկտիկան ունի վիթխարի, աճող աշխարհաքաղաքական, տնտեսական և բնապահպանական նշանակություն, նշանակություն ունի նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Քերին հիշեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է 2015-ին Արկտիկական խորհրդում նախագահության:
«Նախագահ Օբաման և ես մտադիր ենք ավելի շատ ուշադրություն դարձնել, ներդնել ավելի մեծ ջանքեր՝ իրազեկված լինելու տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»,- հայտարարել է պետքարտուղարը:









































