Կառավարության այսօրվա նիստում դարձյալ արծարծվել է պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հարցը, որի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկություն է տվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով հանձնաժողովը փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու, ինչպես նաև երկրի գործարարության գրավչության միջազգային վարկանիշը բարելավելու նպատակով պարզեցրել է էլեկտրական ցանցերին միացման գործընթացը, ՓՄՁ ներկայացուցիչների համար կրճատել միացման ժամկետը։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է հետևյալը: «Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մարմիններն ու նաև դուք վերահսկողություն իրականացնեք այս որոշման նկատմամբ, որպեսզի ամրագրված գործառույթներն ի կատար ածվեն։ Ցանկացած նմանատիպ որոշում ընդունելուն հաջորդող երկու-երեք ամիսներին անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ղեկավարներն իրենց անձնական հսկողության տակ պահեն գործընթացը, մինչև որ այն սովորույթ դառնա։ Կառավարության նիստերին պարբերաբար անդրադառնալու ենք ծառայությունների որակին։
Ցավոք, դեռևս կան բողոքներ, որ մեր ընդունած որոշումներն ի կատար չեն ածվում։ Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել արտահանման-ներմուծման գործառույթների վրա։ Կառավարությունը որոշում ընդունեց փոքր և միջին բիզնեսի ծախսերն էապես կրճատելու նպատակով։
Հիմա մենք բողոքներ ենք ստանում, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվում։ Պարզել է պետք՝ ինչ խախտումներ կան, ինչու այդ որոշումներն ի կատար չեն ածվում։ Շինարարության ոլորտում մենք էապես կրճատեցինք շինթույլտվությունների քանակը, քայլերը, ծախսատարությունը, սակայն անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ անդրադառնալ, տեսնել, թե իրական կյանքում ինչպես են մեր այդ որոշումերն ի կատար ածվում։ Կառավարության հաջորդ նիստերին մեր այս խնդիրներին մենք նորից անդրադառնալու ենք»,- նշել է վարչապետը։









































