Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը ընդդիմությանը կոչ է անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ և համաձայն է քննարկել կառավարության անցումային մարմնի ստեղծման հարցը այն բանից հետո, երբ հաջողություններ կգրանցվեն այդ պայքարում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Կառավարությունը, որքան հասկանում ենք, կոչ է անում, որպեսզի ընդդիմադիր պատվիրակությունը պաշտոնապես հաստատի և ստանձնի Սիրիայում ահաբեկչության դեմ կառավարության հետ պայքարելու պարտավորվածությունը: Եվ միայն դրանից հետո նրանք պատրաստ են քննարկել այլ հարցեր, այդ թվում՝ կառավարության անցումային մարմնի ստեղծման»,- ասել է Գատիլովը:
Նա հստակեցրել է, որ Սիրիայի ընդդիմությունը համաձայն է քննարկել ահաբեկչության դեմ պայքարը, սակայն կոչ է անում պայքարել պետական ահաբեկչության դեմ՝ ի դեմս իշխանությունների:












































