«168 ժամը» հրապարակել է Եվրոպական փաթեթ կոչված նոր փաստաթղթի բովանդակությունը, որ Եվրամիությունը ցանկանում է ընդունել Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները շարունակելու համար, Վիլնյուի գագաթնաժողովի հետքերով: Այս փաթեթում բավական հետաքրքրական դրույթ կա էներգետիկ անկախության վերաբերյալ: Եվրոպացիները խոսում են ԱլԳ երկրների էներգետիկ անկախությանն ուղղված քայլերի մասին: Իհարկե, Հայաստանն այս «Եվրոպական փաթեթ» պայմանական անունը կրող փաստաթղթում, մեղմ ասած, շատ համեստ հիշատակում և դեր ունի, սակայն էներգետիկ անկախության կամ այլընտրանքի խնդիրը Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում առանցքային խնդիր է:
Էներգետիկ մահակը այն գլխավոր մահակներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը, որ Ռուսաստանը բանեցնում է Հայաստանի գլխին անհնազադնության մտքի դեպքում անգամ: Եվ ուրեմն, կարևոր հարց է, թե Եվրամիությունն այս մասով Հայաստանին առաջարկելու որևէ բան ունի՞:
Անշուշտ, առաջին հերթին այս հարցի պատասխանից առաջ մեկ այլ հարց է հնչում՝ իսկ Հայաստանն ընդհանրապես որևէ այլ բան ուզո՞ւմ է էներգետիկ այլընտրանքի կամ անկախության մասով: Իհարկե կուզենա, ով չի ուզի որ: Բայց ուզելը շատ քիչ է, քանի որ պետք է դեռ պարզել, թե Հայաստանը ինչ է պատրաստ անել իր ուզածին հասնելու համար, այսինքն՝ պատրա՞ստ է դեմ գնալ Ռուսաստանի ցանկություններին ու քմահաճույքներին, որովհետև Մոսկվան անկասկած կխոչընդոտի Հայաստանի էնեգետիկ այլընտրանքի ու անկախության ցանկացած հնարավորություն:
Եվ այս տեսանկյունից Հայաստանին ինչ-որ բան առաջարկելուց առաջ Եվրամիությունը նախ պետք է պարզի, իհարկե, թե ինչի է պատրաստ Հայաստանը: Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո այս հարցը իսկապես առանցքային է դառնում: Մյուս կողմից, սակայն, մինչև այսօր Եվրամիությունը Հայաստանին, ըստ էության, էներգետիկ կոնկրետ առաջարկներ չի ներկայացրել: Այսինքն՝ մեզ, ըստ էության, հայտնի չեն նախագծեր, որոնք Հայաստանին կներկայացվեին և միևնույն ժամանակ չէին ենթադրի ազգային անվտանգության համար կարևոր հարցերում Հայաստանի համար անթույլատրելի զիջումներ՝ մասնավորապես հայ-թուրքական և Ղարաբաղյան հարցերում: Ավելին՝ 2011 թվականի աշնանը Հայաստանում էր Եվրամիության առաջատար երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը բավական խոստումնալից հայտարարություններ էր անում էներգետիկ հեռանկարների մասին, որոնք, սակայն, այդպես էլ ոչ մի կերպ չորոշակիացան նույնիսկ քննարկումների մակարդակում:
Եթե Հայաստանի իշխանությունների հետ Եվրամիությունն իրականացրել է ինչ-որ տարբերակների կուլիսային քննարկումներ, ապա պարզ է, որ նման գործելաոճը դրսևորել է իր լիակատար անարդյունավետությունը: Փոխարենը, եթե Հայաստանին արվեին հրապարակային առաջարկներ, ապա չի բացառվում, որ դրանք ստանային հասարակական այնպիսի աջակցություն, որ իշխանություններն անկարող լինեին անտեսել հասարակական այդ կարծիքը, որի հետ ստիպված կլիներ հաշվի նստել նաև Ռուսաստանը:
Այսինքն՝ Եվրամիությունն ակնհայտորեն խնդիր ունի Հայաստանի հետ բաց և առարկայական հրապարակային քաղաքականության, այդ թվում՝ աշխարհաքաղաքական այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին էներգետիկան է: Բայց չի բացառվում նաև բավական վատագույն մի տարբերակ: Այն է՝ էներգետիկայի մասով Եվրամիությունը Հայաստանի հետ կապված ծրագրեր պարզապես չունի, և եթե նույնիսկ ունեցել է, ապա այլևս չի տեսնում նույնիսկ հրապարակայնացնելու կարիք:
Սա կլինի սխալ մոտեցում, կլինի Բրյուսելի լուրջ սխալներից մեկը ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան քաղաքականության մասով: Որովհետև նույնիսկ հին և անտեսված սցենարները այսօր հրապարակայնացնելը չէր խանգարի, քանի որ դրանով ցույց կտրվեր, թե ինչքան քարոզչական մանիպուլյացիաների և նենգափոխումների են ենթարկվել հայ-եվրոպական համագործակցության հեռանկարները այս տարիներին:








































