Եվրոպական պաշտոնյաների հայտարարությունները ՄՄ-ին միանալու որոշման վերաբերյալ քողարկված ապտակ են հայաստանյան հասարակությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ուկրաինական զարգացումների հնարավոր ելքին և միջազգային հանրության արձագանքներին ու դրանց հնարավոր դասերին:
Նա նշեց, որ յուրաքանչյուր առանձին հետխորհրդային երկիր առանձին սիմֆոնիա է, հնարավոր չէ միանշանակ վերաձևել բոլոր դասերը բոլոր երկրների նկատմամբ, ուստի Ուկրաինայի առանձնահատկությունները որևէ կերպ համադրելի չեն մյուս երկրների առանձնահատկությունների հետ: Ըստ նրա՝ միջազգային հանրության արձագանքն ուկրաինական զարգացումներին համարժեք է կոնկրետ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին:
«ՀՀ-ի դեպքում մինչև 2000 հոգի ընդվզեց Սերժիկ Սարգսյանի նախաձեռնությանը՝ գնալ-միանալ Պուտինի պրոյեկտներին, և ինչ է միջազգային հանրության արձագանքը. մինչև երեկ նույնիսկ ԱՄՆ դեսպանն ասում է, որ սա ՀՀ ինքնիշխան որոշումն է:
Ես հասկանում եմ, որ եվրոպական պաշտոնյաների ասածը նաև քողարկված ապտակ է հայաստանյան հասարակությանը, թե ժողովուրդ, եթե դուք դեմ չեք էդ մարդու արածներին՝ միանալ ՄՄ-ին, գնալ Կորեա, գնալ Ինդոնեզիա, գնալ չգիտեմ ուր, ուրեմն դա ձեր երկրի ինքնիշխան որոշումն է: Նրանք հասկանում են, որ այդ իշխանությունն օրինական ճանապարհով չի ընտրված, բայց հասարակական ընդվզման բացակայությունը նրանց թույլ է տալիս այդպես գնահատել և ծաղրել մեզ:
Ուկրաինայի դեպքում էլ ասում են, որ ձեր հասարակությունն ընդվզում է Յանուկովիչի մանևրների և զորաշարժերի դեմ, այսինքն՝ ինչպիսին երկրի խառը կամ ընդհանրական հասարակության վարքն է, այնպիսին էլ արձագանքն է դրսից: Կոպիտ ասած, դու քեզնից ինչ ներկայացնում ես, դրա անդրադարձն էլ ստանում ես դրսից:
Մենք մեզնից ներկայացնում ենք ավտորիտար ռեժիմ, ավտորիտար իշխանություն, իշխանությունը զավթած պաշտոնյաների մի մեծ խումբ և ընդվզող 5 հազար բնակչություն: Այդ 5 հազար բնակչությունն այլախոհ է համարվում դրսի աչքում»,- նշեց Լևոն Բարսեղյանը:
Նա նաև ասաց, որ Ուկրաինայի ընդվզող հանրությունը, այնուամենայնիվ, լուրջ շերտերի տրամադրություններ է ներկայացնում, այնպես չէ, որ մի խումբ ծայրահեղականներ են, ինչպես փորձում են ներկայացնել, և նրանք հասնելու են իրենց ուզածին, իրենք են որոշելու երկրի ճակատագիրը և դա չեն թողնելու Յանուկովիչին ու Ազարովին, հնարավոր մնացած նոմենկլատուրշիկներին, որոնք անձնական իշխանությունը պահպանելու խնդիր ունեն: «Վստահ եմ, որ նրանք հաջողելու են, մեր սերունդը չհաջողեց»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































