Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Կառավարության հնգամյա ծրագիրը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը, քաղաքական մեկնաբան Էդգար Վարդանյանը և քաղաքագետ Գոռ Հակոբյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Ս. Անտինյանը նշեց, որ վարչապետը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսքն սկսեց՝ ազդարարելով տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, բայց ելույթն ամբողջությամբ նվիրված էր մշակութային հեղափոխությանը, արժեքային համակարգի փոփոխությանը. «Ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ հեղափոխությունն արդյունքներ կունենա միայն այն դեպքում, երբ հասարակության մեջ կիրականանա մշակութային, արժեքային հեղափոխություն»:
Է. Վարդանյանի խոսքով՝ Ն. Փաշինյանի ելույթը մեկ հիմնական նպատակ ուներ՝ ցույց տալ հեղափոխության շարունակականությունը:
Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ վարչապետի ելույթը կրկին վստահություն ստանալուն էր միտված՝ վստահեք մեզ, որ մենք կարողանանք իրականացնել հեղափոխություն. «Կարևորվեց նաև քաղաքացիների ակտիվությունը: Բայց ինչո՞ւ պետք է անպայման վստահենք»:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Կառավարության ծրագիրը պետք է լինի չափելի փաստաթուղթ:
Քաղաքական հեղափոխության իրագործման համար, Ս. Անտինյանի կարծիքով, կարևոր են ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնց իրագործումը, ըստ կառավարման փորձագետի, կերաշխավորի նախկին համակարգին վերադարձի անհնարինությունը:
«Հեղափոխական օրակարգեր էին սահմանադրական փոփոխությունները, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները, բայց Կառավարությունը գնում է հին ինստիտուտները նոր բովանդակությամբ լցնելու ճանապարհով: Ինստիտուտները չփոփոխելու դեպքում վտանգ կա «վիշապ դառնալու»՝ հայտնի պատմության նման, որտեղ տղան սպանում է վիշապին, և ինքն է դառնում վիշապ:
Մշակութային հեղափոխությունը, արժեքային, մտածողության փոփոխությունները բերելու են այդ հին ինստիտուտների նոր բովանդակությամբ լցնելուն. խնդիրը ինստիտուցիոնալ չէ, այլ ֆունկցիոնալ. իմ տպավորությամբ՝ այս փիլիսոփայությունն է որդեգրել ներկայիս կառավարությունը»,- նշեց Ս. Անտինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































