Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը զեկույց կներկայացնի հանրաքվեի արդյունքում Շոտլանդիայի հնարավոր անկախության տնտեսական հետևանքների մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Սպասվում է, որ նախարարի ելույթի գլխավոր թեման կդառնա անկախ Շոտլանդիայի ներկայիս դրամական միավորը՝ անգլիական ֆունտ սթեռլինգը, պահպանելու անհնարինությունը: Դրա պատճառը կլինեն բազմաթիվ բյուրոկրատական ձախողումները, որոնց հետ անխուսափելիորեն կբախվի Լոնդոնի հետ դրամական միավորի միության մեջ մտնել ցանկացող Շոտլանդիան: Բացի այդ, Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող մյուս երկրները չեն ցանկանա այդ քայլին դիմել:
Օսբորնի զեկույցն արդեն համարվում է Շոտլանդիայի բնակիչներին «վախեցնելու քայլ», ովքեր պետք է «ճակատագրական ընտրություն կատարեն»:
«Ֆինանսների նախարարի՝ դրամական միավորի միության անհնարինության մասին հայտարարությունները աբսուրդ են»,- ասել է տարածաշրջանային կառավարության ղեկավարի տեղակալ Նիկոլա Սթերջոնը: Դրանով հանդերձ՝ նա ակնարկել է, որ եթե Մեծ Բրիտանիան Շոտլանդիային թույլ չտա օգտագործել ֆունտ սթեռլինգը՝ որպես դրամական միավոր, Էդինբուրգի անկախ իշխանությունները կարող են հրաժարվել Մեծ Բրիտանիայի պետական պարտքի իրենց մասնաբաժնից: Տարբեր գնահատականներով՝ այդ գումարը կազմում է 146 մլրդ ֆունտ (238 մլրդ դոլար):








































