Անտեսելով ՍԴ որոշումը` մի շարք գերատեսչություններ և ընկերություններ իրականացնում են կուտակային գումարների պահում իրենց աշխատակիցների աշխատավարձերից: Գերատեսչություններից բացի, կուտակայինի պահումներ են արվում նաև «Սիլ կոնցեռնում», «Հայէլցանցեր»-ում, մի քանի բուհերում, Գիտությունների ազգային ակադեմիայում, «Գրանդ քենդի»-ում և բազմաթիվ այլ ընկերություններում:
Ընդ որում` վերջին ընկերության հետ կապված ուշագրավ գրառում կա «Դեմ եմ» խմբի Facebook-յան էջում: Օգտատերերից մեկը գրառում էր կատարել, որ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցը, խնդրելով պահպանել իր անձի գաղտնիությունը, ասել էր, որ աշխատողների աշխատավարձից պահվում է կուտակային գումարը, բայց տնօրինությունը կոչ է անում աշխատողներին դուրս գալ ցույցի: Դրանով, ըստ էության, փորձելով քողարկել իրենց հակասահմանադրական քայլը: «Գրանդ քենդի» ընկերությունից, սակայն, երկու օր շարունակ «Առաջին լրատվական»-ին չհաջողվեց որևէ պարզաբանում ստանալ: Մասնավորապես պարզել` արդյոք կուտակային վճարները պահվո՞ւմ են, թե` ոչ: Եվ եթե պահվում են, ապա ի՞նչ նորմի հիման վրա: «Գրանդ հոլդինգի» տնօրենը և ընկերության խոսնակն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեցին:
Նշենք, որ երբ դեռ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու հարցը և երբ մի քանի գործատուներ հայտարարել էին, թե իրենք իրենց հաշվին կկատարեն իրենց աշխատակիցների վճարումները, Հրանտ Վարդանյանն այդ առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը երբեք չի վճարի իր աշխատողների փոխարեն, քանի որ հսկայական գումարների մասին է խոսքը:
«Ոչ մի դեպքում, ես ոչ մեկի տեղը չեմ փոխհատուցի: Իսկ ինչու պետք է փոխհատուցեմ: Մի հատ հաշվեք տեսեք` տարիների ընթացքում դա ինչ թիվ է կազմում: Եվ հետո` ես չեմ հավատում, որ որևէ մեկը կփոխհատուցի այդ գումարը: Օրինակ` ՊԵԿ-ի նախագահը հայտարարե՞լ է, որ ինքն էլ է պատրաստ փոխհատուցել: …Այ էն ժամանակ, երբ ինքը հայտարարի, ես էլ կհայտարարեմ»,-ասել էր նա:








































