Ուկրաինայի խորհրդարանը փաստացի գլխավոր հակաճգնաժամային կենտրոնն է դարձել, որից կախված է երկրում կարգուկանոնի և հանգստության վերականգնումը: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նախագահ Հյու Բեյլիի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը, հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը:
Ծառայության տվյալներով՝ Ռիբակը տեղեկացրել է այն գործողությունների մասին, որոնք Գերագույն ռադան իրականացնում է ճգնաժամից դուրս գալու նպատակով: Ընդ որում, խոսնակը բարձր է գնահատել Ուկրաինայի խնդիրների նկատմամբ միջազգային գործընկերների ուշադրությունը: Նա համաձայնել է ՆԱՏՕ-ի ԽԱ նախագահի այն մտքի հետ, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:
Ռադայի նախագահը նշել է, որ շարունակվում է քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների երկխոսությունը:
Իր հերթին Բեյլին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի խորհրդարանականներին ՆԱՏՕ-ի ԽԱ-ում աշխատելու համար: Նա դրական է գնահատել է նաև այն զուսպ պահվածքը, որն Ուկրաինայի իշխանությունները ցուցաբերում են այս օրերին:








































