Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրը և ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։ Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկն՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը. և դա հնարավորություններ ստեղծելն է։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետներ Արմեն Բադալյանը և Արմեն Վարդանյանը:
Արմեն Բադալյանը, մինչ Կառավարության ծրագրին անդրադառնալը, նշեց, որ վարչապետն այսօր հայտարարեց նաև կառավարության կառուցվածքի մասին. նախարարությունների թիվը լինելու է 12: Քաղաքագետի խոսքով՝ Կառավարության օպտիմալացման հետ կապված ոչ մի քննարկում չեղավ ոլորտների ներկայացուցիչների հետ: Նրա դիտարկմամբ՝ Կառավարության աշխատելաոճը նախկիններից չի տարբերվում: «Իշխանափոխություն եղել էր, որ համակարգը փոխվեր: Կառավարության այս ծրագիրը լավ ցանկությունների ծրագիր է, սա քաղաքական ծրագիր չէ, մենեջմենթի ծրագիր է, բայց մենեջմենթը պետք է երկրորդական լիներ, քաղաքականը՝ առաջնային… պետք է փոխվեր սուպերվարչապետի ինստիտուտը»,- ընդգծեց Ա. Բադալյանը:
Ազատ Արշակյանը ևս հավելեց, որ սուպերվարչապետությունն արդեն ակնհայտ դարձավ. «Փաշինյանն էֆեկտիվության խնդիր է դնում, «ձեռքով կառավարելու» ռեժիմի մեջ է, ուզում է բոլոր լծակների հետ անձամբ աշխատել, եթե շատ լինեին՝ 30 հոգի լինեին կամ 50 հոգի, երևի չկարողանար անձամբ ինքը հանձնարարություններ տալ, ուրեմն կրճատել է հենց դրա համար»,- նշեց նախկին պատգամավորը: Նա նաև հավելեց, որ իր կարծիքով առաջիկայում լինելու է տնտեսական թավշյա հեղափոխություն:
«Կառավարության այս ծրագիրը հիշեցնում է բաժակաճառի ժողովածու»,- ընդգծեց Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Կառավարությունը զգուշավոր ծրագիր է ներկայացրել: «Այնտեղ խոսք չկա Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին և ամենակարևորը՝ սուպերվարչապետական համակարգից խորհրդարանականի անցում կատարելու համար բացակայում է այն իրողությունը, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այդ կառույցները մնում են վարչապետի վերահսկողության ներքո, սրանով վարչապետի լիազորությունները մեծանում են: Նախկինում Փաշինյանը քննադատում էր այդ իրողությունը, բայց քանի որ հիմա նա չի հրաժարվում դրանից, ուրեմն իրեն ձեռնտու է»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































