Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն համարում է, որ այժմ սխալ կլիներ Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով քաղաքական գործչի հարցազրույցը:
«Մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ գլխավոր խնդիրը երկրում իրավիճակի կայունացումն է, ինչը թույլ կտա խուսափել բռնությունից և լուրջ բանակցություններ սկսել կառավարության և ընդդիմության միջև: Տվյալ փուլում մյուս բոլոր միջոցառումները բացասական արդյունք կարող են ունենալ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Նա հավելել է նաև, որ Եվրոպայի անմիջական խնդիրն է «պայմաններ ստեղծել խաղաղ քաղաքական անցման կամ այնպիսի որոշում ձեռք բերելու համար, որը օրինական կլինի Ուկրաինայում»:
Ի դեպ, Բարոզուն ասել է նաև, որ այն դեպքում եթե իրավիճակը վատթարանա և ցուցարարների նկատմամբ բռնությունը շարունակվի, ԵՄ-ն ուղղակի դիտորդի դերում չի լինի: Այդ մասին նա անձամբ զգուշացրել է Վիկտոր Յանուկովիչին:










































