Աղջիկը կրակ է բացել Միչիգան նահանգի արագ սննդի McDonald’s ռեստորանում այն պատճառով, որ հաստատության աշխատակիցները երկու անգամ շփոթել են իր պատվերը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Քննության վարկածով՝ երկուշաբթի առավոտյան 29-ամյա Շանեկա Տորեսն ընկերուհու հետ մտել է Գրանդ-Ռեփիդս քաղաքի McDonald’s: Աղջիկը բեկոնով համբուրգեր է պատվիրել, սակայն այլ կերակուր են բերել, որում բեկոն չի եղել: Երկրորդ պատվերում, որը տրվել է անվճար, կրկին բեկոն չի եղել: Դրանից հետո աղջիկը դուրս է բերել ատրճանակն ու կրակ բացել պատվերների համար նախատեսված պատուհանի ուղղությամբ, որից հետո ընկերուհու հետ հեռացել է հանցանքի վայրից:
Ոստիկանության տվյալներով՝ իրենց հաջողվել է ձերբակալել չարագործներին հեռախոսի համարներով, որոնք աղջիկները նախապես թողել էին McDonald’s-ի աշխատակիցների մոտ: Հարցաքննությունից հետո նրա ընկերուհուն բաց են թողել:
Ամերիկուհու դեմ երեք ծանր հանցագործությունների մեղադրանքներ են առաջադրվել: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: Դատական լսումները նշանակված են փետրվարի 21-ին:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:









































