2017 թվականի հունվարի 25-ին Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի դատաքննությունը չի բավարարում սպանվածի եղբորը։ Նա տեղի ունեցող դատական նիստերը շոու է համարում, քանի որ և՛ դատավորը, և՛ մեղադրող դատախազը, և՛ մյուս կողմը, խոսքները մեկ արած, գործի քննությունը տանում են այլ ուղղությամբ։ Անցած շաբաթ ևս այս գործով դատական նիստ էր տեղի ունեցել, որից հետո Արամ Սիմոնյանը պատրաստվում է բաց նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացնել, որ գործով դատավորը «իր որոշումներով բռնաբարում է ՀՀ Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը»։ «Ես դատավորին խնդրում, աղաչում եմ ինձ ենթարկել քրեական պատասխանատվության հանրային անարգանքի, սուտ մատնության, կեղծիքի, հերյուրանքի՝ ի դեմս ՀՔԾ քննիչի, ՀՀ ՀԿԳ քննիչի, ՀՀ դատավորի նկատմամբ փաստեր տարածելու համար։
Հունվարի 25-ի նիստում դատավոր Վահե Խալաթյանը կրկին մերժեց իր նկատմամբ ներկայացված երկրորդ բացարկի միջնորդությունը՝ փաստերը կոծկելու, իմ, որպես տուժողի իրավահաջորդի, խոսքերը խեղաթյուրելու, ակնհայտ դաժանության և կեղծիքի փաստերը թաքցնելու, այլ կերպ ասած՝ Քրեական օրենսգիրքը բռնաբարելու համար։ Այս հույժ կարևոր գործով դատախազ Տիգրան Ենոքյանը հայտարարում է, որ չկա դաժանություն, չկա խոշտանգում և անարգանքի փաստեր։ Վերածելով իրավիճակը, տպավորություն է, որ մեղադրող դատախազն ավելի շատ նման է մեղադրյալի պաշտպանի, քան մեղադրանքը պաշտպանող դատախազի։ Սա անընդունելի և անթույլատրելի իրավիճակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ դատարանում խնդրել է պարզաբանել, թե ուր է հանգուցյալ եղբոր գլխից պակասող հարվածը, ով է խոշտանգել դիակը մինչև մահվան վրա հասնելը, կամ ով է քարը տեղադրել գլխին և ոտքերին։ «Եղբորս որդին հայտնել է ոստիկանությունում, որ ինքն է որոշել, թե որտեղ շպրտի հոր դիակը, որ ինքը մոր հետ քարեր է գլորել դիակի վրա և այսքանից հետո այս գործով ստացել է վկայի կարգավիճակ։ Այսինքն՝ ծնողին սպանելը, դիակը տեղափոխելը և Դալարիկի ձորում շպրտելը, գլխի և ոտքերի վրա քար դնելը, փշերով ծածկելը, երեք օր նեղացնելը, ոստիկաներին երեք օր դաշտերում վազեցնելը, այսօրվա Հայաստանում բարոյական նորմեր են։ Այս ամենը, փաստորեն, նորմալ է նաև ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ դատավորի համար։ Գուցե նրանք իրենց հանգուցյալին ցելոֆանի տոպրակներով մետաղալարերով փաթաթված, ձորում, կեղտերի մեջ շպրտելը՝ առանց հուղարկավորման, համարում են նորմալ, ես, իմ շրջապատը, հայ ազգը այդ ամենը համարում ենք ակնհայտ պոռնկություն, անարգանք և անմարդկային խոշտանգում»,- վրդովված նկատեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը չի ուզում մասնակցել այս խայտառակ, անբարո և ցուցադրական քրեական պատասխանատվությունից ազատելու պրոցեսին, որը տեղի է ունենում ընդհանուր իրավասության դատարանում։
Արամ Սիմոնյանն ասաց, որ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատարանների խորհրդի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ վերաքննիչ դատարան։ «Վերջապես թող ինքնասիրություն ունենան և սուտ մատնության, զրպարտության փաստով քրեական գործ սկսեն իմ դեմ։ Ես այնքան փաստ, նկարներ կներկայացնեմ, որ ամբողջ իրավապահ համակարգը խայտառակ կլինի։ Խայտառակ ձայնագրությունները կհրատարակվեն քիչ ուշ»,- եզրափակեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այդ դատական նիստից առաջ նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքում պարզվեց, որ սպանության մեջ մեղադրվող Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը եղել է աֆեկտի տակ։ Մինչդեռ, առաջին փորձաքննությամբ նա մեղսունակ էր ճանաչվել։
Արամ Սիմոնյանը համոզված է, որ այսպիսով փորձ է արվում նրան ազատել պատժից, մինչդեռ, բացի Ռուզաննայից, այս սպանությանը այլ անձինք էլ են մասնակցել։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվար 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:








































