Եվրամիությունը կմեծացնի Թունիսի տեխնիկական և ֆինանսական օգնությունը՝ ասվում է ԵՄ արտաքին հարցերով խորհրդի հայտարարության մեջ: Խորհրդի հանդիպումն անցկացվել է երկուշաբթի՝ Բրյուսելում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«ԵՄ-ն կմեծացնի տեխնիկական և ֆինանսական օգնությունը և պատրաստ է արագացնել բանակցությունների տարբեր ուղղությունները, որոնք կարող են բարելավել Թունիսի տնտեսական հեռանկարները: Թունիսում դրական իրադարձություններից հետո և հաշվի առնելով նոր եվրոպական հարևանության քաղաքականության ոգին ու սկզբունքները՝ ԵՄ-ն կուժեղացնի գործընկերությունը Թունիսի հետ և աջակցությունը սոցիալական , տնտեսական և քաղաքական բարեփոխումների անցկացման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ երկրների արտգործնախարարները շնորհավորել են իշխանություններին նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ, որը երաշխավորում է հիմնարար ազատություններ, օրենքի գերակայություն, իշխանության բաշխում և արդարադատության անկախություն:
ԵՄ-ն նոր կառավարությանը կոչ է անում շարունակել անցումը դեպի ժողովրդավարություն խաղաղ մթնոլորտում, պատրաստ է աջակցել Թունիսի իշխանություններին բոլոր սոցիալական և տնտեսական մարտահրավերների հաղթահարման նրանց ջանքերում, ինչպես նաև անվտանգության ոլորտի դժվարությունների հաղթահարման գործում՝ նշվում է կոմյունիկեում:










































