«Ջեբհաթ Ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը, որի ձեռքում են գտնվում Մաալուլա քրիստոնեական քաղաքի 12 միանձնուհիներ, պահանջում է նրանց դիմաց ազատ արձակել Սիրիայում և Լիբանանում իր 500 գրոհայինների:
Ինչպես հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը, իրենց պահանջը ծայրահեղականները փոխանցել են սիրիացի գործարար Ջորջ Հասվանիի միջոցով, ով առևանգողների ու իշխանությունների միջև հանդես է գալիս միջնորդի դերով:
Հունական ուղղափառ վանքի միանձնուհիներն ու մայրապետը երկրորդ ամիսն է՝ գտնվում են Հասվանիի տանը՝ գրոհայինների հսկողության ներքո: Այն գտնվում է Յաբրուդ քաղաքի ծայրամասերում: Դամասկոսից 57 կմ հյուսիս-արևմուտք գտնվող քաղաքը շրջապատված է կառավարական զորքերով, սակայն գրոհայինների դեմ այնտեղ չի անցկացվել ռազմական օպերացիա՝ միանձնուհիների կյանքի հանդեպ մտավախությունների պատճառով:
«Ալ-Մայադինի» տվյալներով՝ այդ շրջանում «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» հրամանատարը սաուդցի վարձկան է, ում անունը չի հաղորդվում:
Դամասկոսը դեռևս հանդես չի եկել մեկնաբանությամբ:
Հայտնի է դարձել նաև, որ Ստամբուլից մեկ այլ իսլամական արմատական խմբավորում կապվել է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի՝ Սիրիայի հարցով օգնական Մուխտար Լամանիի հետ և խնդրել միջնորդի դերով հանդես գալ անցած տարվա ապրիլին Հալեպում միտրոպոլիտներից մեկի ազատ արձակման գործարքում: Դեռևս հայտնի չէ, թե խոսքն ում մասին է ՝Յուհաննա Իբրահիմի՞, թե՞ Պավել Յազիջիի:
Ենթադրվում է, որ այդ խմբավորման վրա ճնշում են գործադրել թուրքական իշխանությունները:









































