Կազանում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ ՌԱՀՀԿ-ում այսօր կազմակերպվեց քննարկում:
ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը նշեց, որ այսօր շատ կարևոր է հետևել, թե ինչ է լինելու Կազանից հետո: Սարգսյանը նկատեց, որ մինչ հանդիպումը իրավիճակը բավականին աղմկոտ էր, համանախագահող երկրների նախագահները անձամբ էին զբաղվում այդ խնդրով, եղավ Դովիլյան հայտարարությունը, սակայն այդպես էլ Կազանում չարդարացան ակնկալիքները: Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ իր նախկին հանդիպումներից հետո գոնե ճոխ հայտարարություններ էին լինում, շփման գծում իրավիճակի լարում էր նկատվում, իսկ այս անգամ նման բան չեղավ և պարզապես արձանագրվեց, որ համաձայնություն չի եղել, և բոլորը հիասթափված են: Սարգսյանի գնահատմամբ՝ պետք է սպասել Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությանը: ՌԱՀՀԿ տնօրենը կարևորեց մինչ կազանյան հանդիպումը՝ հունիսի 15-ին, Եվրախորհրդարանում տեղի ունեցած լսումները ԼՂՀ հարցի վերաբերյալ և մասնավորապես ֆրանսիացի համանախագահ Ֆասիեի հայտարարությունը նոր հայեցակարգի մշակման վերաբերյալ. «Հստակ է, որ կան լուրջ կասկածներ, թե արդյոք հնարավո՞ր է Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն։ Զարմանալի չի լինի, եթե Մինսկի խմբի ֆորմատը վերանայվի: Եվրամիության մտահոգություններն էլ այստեղ ակնհայտ են, այն ցանկանում է որպես կառույց ներկայացված լինել Մինսկի խմբում»:
Մանվել Սարգսյանը ընդգծեց, որ այժմ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում՝ ԱՄՆ ավելի է հաստատում իր դիրքերը մեր տարածաշրջանում, մասնավորապես Կասպից ծովում, Իրանի դերը ևս ակնհայտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս դեմ է, որ այս տարածաշրջանում որևէ երկրի զորքեր տեղակայվեն. «Բնական է, որ այս ամենը կազդի ԼՂՀ խնդրի վրա»:











































