Հունիսի 29-ի առավոտյան, հովվապետական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Վասիլևսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցի:
Տաճարում մատուցված աղոթքից հետո Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր Նորին Սրբությունն այցելեց Ս.Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի` կառուցված բարերարությամբ Սամվել Մովսիսյանի: Եկեղեցու մուտքի մոտ Վեհափառ Հայրապետին, թեմակալ առաջնորդին և հայրապետական շքախմբին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արշակ քահանա Նազարյանը և բարերարը, Վսեվոլոժսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Սոբոլենկոն և Կոլտուշի շրջկենտրոնի ղեկավար Էդուարդ Չիրկոն, Վսեվոլոժսկի բնակիչները: «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությունը մուտք գործեց եկեղեցի, ուր հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց ներկա ժողովրդին և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը նաև մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարին, ում ազնիվ աջակցությամբ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները շրջանի հայության հոգևոր կարիքների բավարարման համար: Իր խոսքում Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին` հավատարիմ հայրերի հավատին և ավանդներին պահպանել իրենց լեզուն և մշակույթը և իբրև Ռուսաստանի արժանավոր քաղաքացիներ շարունակել իրենց կարևոր նպաստը բերել երկրի առաջընթացին: Վեհափառի պատգամին հաջորդեց կոմիտասյան «Տէր ողորմեա»-ն, ապա հայրապետական «Պահպանիչ» աղոթքը:
Գարեգին Բ Հայրապետը ծանոթացավ նաև Սամվել Մովսիսյանի հովանավորությամբ Վսեվոլոժսկում կառուցվող հայկական հանրակրթական դպրոցի շինարարության ընթացքին: Կոլտուշի մարզկենտրոնում Նորին Սրբությունը ծաղկեպսակ զետեղեց Մեծ հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հուշարձանին, կատարվեց հոգեհանգստայն աղոթք:
Նույն օրը, ավարտելով հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Լատվիայի Հանրապետություն:










































