Արդեն երրորդ օրն է՝ ընթանում է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Կարծիքները, տպավորությունները նոր խորհրդարանի աշխատանքից հակասական են։
Կարծիքներ են հնչում, որ, թեև պատգամավորները երիտասարդ են, նոր են, սակայն գործելաոճը հին է․ գործում է նույն կուլիսային պայմանավորվածությունների սկզբունքը։ Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքներից «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր կողմից ղեկավարվող խմբակցությունը սխալ թույլ տվեցին, որովհետև ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ նախագահը ունի երեք տեղակալներ, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմությունից։ Սա չի նշանակում, որ երկուսը չի կարող լինել ընդդիմությունից։ Քանի որ խորհրդարանում կան երեք խմբակցություններ՝ իմաստուն կլիներ, որ ամեն խմբակցություն փոխնախագահի մեկ թեկնածու առաջադրեր, և խնդիրն ընդհանրապես չէր քննարկվի։ Կարծում եմ՝ սխալ են թույլ տվել։ Պետք է այդպես արվեր, և ոչ մի Սահմանադրություն դրան չէր խանգարում։ Սահմանադրությունում չի գրված՝ միայն մեկ տեղակալը լինի ընդդիմությունից։ Սա հարցի մի կողմն է»։
«Հարցի երկրորդ կողմը կայանում է նրանում, որ մենք որպես պետական համակարգ որակական լուրջ փոփոխություն են ապրում՝ Հայաստանում ներդրվում է խորհրդարանական կառավարման համակարգ։ 30 տարվա փորձը մեզ բերեց այն համոզման, որ նախագահի ինստիտուտն իրեն վերապրել է: Սակայն, ըստ իս, Սահմանադրության մեջ կան կոպիտ վրիպումներ։ Մասնավորապես ասվում է, որ ԱԺ նախագահն ընտրվում և հետ է կանչվում պատգամավորների կողմից։ Էդ հետկանչը չպիտի լիներ, նա պետք է ընտրվի հինգ տարի ժամկետով, որպեսզի անկախ գործի»,- հավելեց քաղաքագետը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































