Դեռևս անցած տարի հունիսին Ազգային անվտանգության ծառայության կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո և մինչ օրս ԵԿՄ նախագահի աթոռը թափուր է։ Այս ամիսներին տարբեր անուններ շրջանառվեցին՝ Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, սակայն ԵԿՄ կազմը որևէ մեկի թեկնածությանը հստակ հակվածություն չհայտնեց։ Սակայն երեկ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ կարևոր է, որ ԵԿՄ նախագահը լինի իշխանության ներկայացուցիչ՝ դրանով, ըստ էության, ուշադրություն հրավիրելով Սասուն Միքայելյանի թեկնածության վրա, եթ,ե իհարկե, վերջինս համաձայնություն տա։ Համլետ Հայրապետյանը, ԵԿՄ նախագահից բացի, առաջարկել է նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարել։ ԵԿՄ փոխնախագահը, մասնավորապես, ԵԿՄ-ն տեսնում է ՊՆ կազմում։ «ԵԿՄ նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ: Սկզբում առաջարկել էինք Արամ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Սպարապետի ընտանիքի ներկայացուցիչ: Այդ ժամանակ նա երկրի ղեկավարության հետ նորովի կազմակերպում էր երկրի կառավարումը, վարչապետի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին էր: Շոշափվել է նաև Սասուն Միքայելյանի անունը: Նրա մասին որևէ մեկը թթու խոսք չի ասել և չի էլ կարող ասել, որովհետև մեր քայլող լեգենդներից է: Եվ եթե համաձայնվի ու դառնա ԵԿՄ նախագահ, չեմ կարծում, որ դեմ կլինեն: Կառավարության լիազոր ներկայացուցչի հովանու ներքո կկարողանանք ԵԿՄ ընտանիքը հավուր պատշաճի պահել: Ամեն դեպքում ճիշտ կլինի, որ կառույցը ձևավորվի կառավարության լիազոր ներկայացուցչի՝ պաշտպանության նախարարության կազմում, թեկուզ ազգային գվարդիայի կարգավիճակով, բայց երկրապահ բրենդը պահելով: Լինենք ՊՆ կազմում, որ կոնկրետ ձևով մտածենք ցանկացած երկրապահի մասին»,- ընդգծել է փոխնախագահը:
Ամեն դեպքում ԵԿՄ նոր նախագահը կընտրվի ԵԿՄ համագումարում, իսկ համագումարը կկայանա այն ժամանակ, երբ վարչության նիստը կայանա։
Որքան էլ ուշագրավ է, սակայն ԵԿՄ փոխնախագահի կարծիքը չեն կիսում ԵԿՄ-ում։ ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Համլետ Հայրապետյանին հորդորեց առհասարակ չխոսել ԵԿՄ-ի անունից. «Բնականաբար, չենք կիսում նրա կարծիքը։ Երկրապահը հասարակական կազմակերպություն է, ինչ կապ ունի քաղաքականության հետ, որ մի բան էլ վարչության նախագահը լինի իշխանության ներկայացուցիչ։ Բացի դրանից՝ տարիներ շարունակ խոսվել է ԵԿՄ-ի անկախության, իշխանության կցորդը չլինելու մասին։ Երկրապահը պետության կցորդն է, ոչ թե իշխանության։ Մենք ամեն ինչ արել ենք այս պետության կայացման համար։ Մենք բացարձակ չենք ուզում խառնվել իշխանություն-ընդդիմություն կռվին։ Մենք չենք կարող ինչ-որ մեկի կցորդը լինել»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ բնավ կարիք չկա դառնալ ՊՆ-ի կցորդը, քանի որ առանց այդ էլ ԵԿՄ-ն միշտ համագործակցել է ՊՆ-ի հետ։
Մխիթարյանը չի կարծում, որ ԵԿՄ վարչության նախագահի ընտրության հարցում պետք է շտապողականություն ցուցաբերել։ Ասում է՝ ամեն ինչ նորմալ է, հերթական համագումարին դեռ երեք տարի կա, հրատապության խնդիր չկա։ Արա Կետիկյանն էլ նորմալ կատարում է պաշտոնակատարի իր աշխատանքները։
Մխիթարյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց Սասուն Միքայելյանի թեկնածության նկատմամբ ԵԿՄ-ականների հակվածությունը։ Ասաց, որ դա համագումարում պետք է որոշվի։ Թեկնածուների անուններն էլ բոլորին է հայտնի։ Նոր անուններ չկան։
Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ, նախկին ԵԿՄ-ական Ռազմիկ Պետրոսյանի համար զարմանալի է, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ ԵԿՄ փոխնախագահն ուզում է, որ ԵԿՄ վարչության նախագահը լինի իշխանության ներկայացուցիչ, իսկ կառույցը՝ ՊՆ-ի կազմում։ «Իհարկե, Համլետի ու նրա նմանների մտածելակերպն այն է, որ միշտ պետք է իշխանության ներկայացուցիչը լինի վարչության նախագահ, կառույցը իշխանության մաս լինի, իշխանության կցորդ, որ իրենք կարողանան իրենց անձնական հարցերը լուծել, բայց դրանից առաջ լավ կլինի, որ նրանք ուսումնասիրեն, թե ԵԿՄ-ի ծնունդն ինչպես է եղել, ինչի համար է ստեղծվել այդ կառույցը, ինչ նպատակներ է հետապնդել։ Այլ բան է, որ ժամանակի ընթացքում երկրապահի գործունեությունը շեղվել է իր բնականոն հունից։ Դրա համար էլ մեր առաջին խնդիրը պետք է լինի ԵԿՄ-ն իր առաջնային նպատակին բերելը, պետք է կառույցը համալրեն իրականում կռված տղաները, ԵԿՄ-ից նեղացած գնացած, կռված տղաները։ Բոլորով պետք է հավաքվենք, համագումար անցկացնենք, վարչություն ձևավորվի, որն էլ կընտրի նախագահ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե այս նոր ընտրություններով էլ ԵԿՄ-ն պետք է դարձվի իշխանության կցորդ, ապա էլ իմաստ չկա։ «Ինչ իմաստ ունի մտնել ՊՆ-ի կազմ, լինել ՊՆ-ին կից։ Առանց այդ էլ ԵԿՄ-ն միշտ համագործակցել է ՊՆ-ի հետ։ Այլ բան է, որ վերջին տարիներին ԵԿՄ-ն դարձել էր փող ու պաշտոն ունեցողների հավաքատեղի։ Իսկ հիմա, երբ ձգձգվում է նոր վարչության նախագահի ընտրությունը, ապա իրապես նպատակ կա վերադարձնելու իրական ԵԿՄ-ն։ Այստեղ պետք չէ շտապողականություն ցուցաբերել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ նորացված կազմով ու վարչության նախագահով ԵԿՄ-ն պետք է պետականամետ լինի, համագործակցի իշխանությունների հետ, բայց ոչ մի պարագայում չդառնա իշխանության կցորդը։ Հակառակը՝ երբեմն ընդդիմանա իշխանություններին։
Սասուն Միքայելյանն առայժմ խուսափում է խոսել այս թեմայով։ Նա կոնկրետ որոշում չունի և խոստանում է խոսել, երբ որոշակիություն կլինի։








































