Ջանեթ Ջեքսոնը Լոնդոնում կայանալիք համերգի ժամանակ Scream երգը զուգերգով կկատարի իր հանգուցյալ եղբոր՝ Մայքլ Ջեքսոնի հետ: Այս մասին հայտնում է NME-ին՝ հղում անելով HeartFM ռադիոկայանին երգչուհու տված հարցազրույցին: Ջանեթի խոսքերով՝ ինքը պատրաստվում է կատարել երգի իր հատվածը, իսկ Մայքլի ձայնը կհնչի ձայնագրությամբ:
Համերգը, որի ընթացքում կհնչի արտասովոր զուգերգը, տեղի կունենա հունիսի 30-ին լոնդոնյան Ալբերտ-Հոլում: Այն կդառնա երգչուհու համաշխարհային Number Ones Up Close and Personal շրջագայության համերգներից մեկը: Շրջագայությունը տեղի է ունենում երգչուհու ալբոմի լավագույն երգերը ներկայացնելու համար:
Ջանեթ Ջեքսոնի համերգների եվրոպական մասն անցնում է սկանդալներով: Նորվեգիայում, որտեղ երգչուհին հանդես է եկել հունիսի 17-ին, նրա համերգների մասին հոդվածները լույս են տեսել առանց նկարների: Համերգային նկարահանումների խիստ պայմանների պատճառով տեղի լրագրողները բոյկոտել են նրա համերգը:
Scream զուգերգը Մայքլ և Ջանեթ Ջեքսոնները ձայնագրել են Մայքլի HIStory: Past, Present and Future, Book I ալբոմի համար: Ալբոմը վաճառքի է հանվել 1995 թ. հունիսի 16-ին: Այդ երգի համար նկարահանված տեսահոլովակը ցուցադրվել է նույն տարվա ամռանը:









































