Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երրորդ անգամ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի և Տիգրան Փոստանջյանների բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի: Նշենք, որ դատավարությանը ներկա չէր պատասխանող Աղվան Հովսեփյանը, որը, ինչպես տեղեկացրեց Փոստանջյանը, երկու անգամ ծանուցվել էր բողոքի մանրամասներին, սակայն, ինչպես նախորդ երկու, այդպես էլ այս դատավարությանը ներկա չէր:
Դատավարության հենց սկզբից Զարուհի Փոստանջյանը լիազորեց փաստաբան Հայկ Ալումյանին՝ դատարանում ներկայացնելու իր և եղբոր շահերը: Դատապաշտպանը դատավոր Արմեն Բեկթաշյանին միջնորդություն ներկայացրեց, ըստ որի՝ դատավորը չի կարող զբաղվել բողոքի քննությամբ, քանի որ համարվում է մեկ այլ դատարանի դատավոր, իսկ, ինչպես տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը, դատավարությամբ պետք է զբաղվի ՀՀ նախագահի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լիազորված դատավոր։ Ի պատասխան ներկայացված միջնորդության՝ դատավորն ասաց, որ Ալումյանը կարող է դիմել իրավասու մարմիններին այս դատավարությանը դատավոր նշանակելու հարցը քննարկման դնելու նպատակով: Դատարանը միջնորդությունը մերժեց և հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 9-ին:








































