Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Իմ քայլը»-ի և «Եդինայա Ռոսիա»-ի միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը քաղաքական ճեղքումային քայլ կհանդիսանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ-ռուսական «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունը կընթանա հաջող: Հավանաբար բանակցության վճռորոշ փուլը լինելու է դեկտեմբերի 27-ին սպասվող ՊուտինՓաշինյան հանդիպումը Մոսկվայում։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումից՝ առհասարակ հայռուսական հարաբերությունների ճշգրտման տեսանկյունից։

– Հայ-ռուսական հարաբերությունների որևէ կոնկրետ խնդրի լուծում կախված է քաղաքական երկխոսության ամբողջական զարգացումից:

Գարնանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո Ռուսաստանի պետական կառույցների մոտ հայկական թեմայով որոշակի սպասողական վիճակ կա: Դրա հետ մեկտեղ տեղի է ունենում հարցերի պարզաբանումների և ճշգրտումների գործընթաց երկու երկրների առաջին դեմքերի մակարդակով: Դեկտեմբերի 27-ի հանդիպումը նույնպես այս շարքից է: Բայց այն կարելի է դարձնել գործընկերային հարաբերությունների նոր փուլի մեկնարկ: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները փաստեցին, որ այս փուլը կլինի Հայաստանի նոր քաղաքական սերնդի հարաբերություն Ռուսաստանի հետ: Դա պարունակում է ինչպես հարաբերությունների բովանդակային հարստացման և առաջընթացի ներուժ, այնպես էլ մարտահրավերների և խնդիրների առաջացման հնարավորություններ: Ամեն ինչ կախված է լինելու քաղաքական կամքից, վակուումի առաջացումը բացառող և առաջընթաց ապահովող մեխանիզմների արագ և ամբողջական գարծարկումից:

Հայաստանի նոր իշխանությունը առաջին օրվանից հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների շարունակման իր ցանկության մասին:  Ռուսաստանն էլ, ելնելով իր համար Հայաստանի նշանակությունից, պահպանել է Հայաստանի հետ գործընկերային բնույթը և խուսափել անզգույշ քայլերից: Դա, իհարկե, բխում է իր շահերից և ձեռնտու է նաև Հայաստանին: Դրանով հանդերձ, մեր երկու երկրներին որոշակիորեն պակասում են ինստիտուցիոնալ, միմյանց համար ավելի կանխատեսելի, փոխադարձաբար ավելի ընկալելի ու հասկանալի լինելու հարաբերությունները:

Համարում եմ, որ ներկա պայմաններում քաղաքական ճեղքումային քայլ կհանդիսանա ՌԴ Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը:

Իբրև Հայաստանի և Ռուսաստանի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների ջատագով և դեռևս 2007 թվականին հայ-ռուսական առաջին միջկուսակցական-միջխմբակցային պայմանագրի նախաձեռնող՝ համարում եմ, որ  երկու երկրների խորհրդարանական մեծամասնությունների պայմանագրային համագործակցությունը քաղաքական կայուն երկխոսության և կանխատեսելի հարաբերությունների հավելյալ երաշխիք կհանդիսանա: Այն միջպետական հարաբերություններին բովանդակային ազդակ հաղորդող քայլ կդառնա: Իսկ խորհրդարանական և հասարակական դիվանագիտության զուգորդումը թույլ կտա վերարժևորել Ռուսաստանում գործող հայկական կազմակերպությունների և վերլուծական կազմավորումների հնարավորությունները և ընդլայնել դրանց գործունեության սահմանները:

Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ հարկ է, որ նոր պայմաններում նաև տնտեսական համագործակցության համարձակ ծրագրերի մեկնարկ տրվի: Այդպիսի ծրագրերից մեկը կարող է հանդիսանալ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը՝ հաշվի առնելով «Ռոսատոմի» հետ համագործակցության փորձը: Իսկ ռազմարդյունաբերության ոլորտում կոոպերացիայի զարգացումը, Հայաստանում այդ բնույթի համատեղ արտադրություններ ստեղծելու հեռանկարային ծրագիրը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ռազմաքաղաքական գործընկերության առկա մակարդակին համապատասխանեցնելու գործողություն կդառնա:

Մյուս ուղղությունը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն է, որը լուրջ ներուժ է պարունակում: Կարելի է լրջորեն խորացնել գործընկերությունը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերություններ ունեցող ՌԴ տասը-տասնհինգ տարածաշրջանի հետ, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի տնտեսությանը համադրելի ներուժ, հոծ և կազմակերպված հայ համայնք ունի: Այստեղ կարելի է հասնել նոր շերտերի բացահայտման՝ խորը տնտեսական ու հումանիտար համագործակցության համար:  Հավելենք, որ հենց նշված ուղղություններով քաղաքական ու տնտեսական հարաբերությունները նոր մակարդակով զարգացնելու դեպքում հնարավոր է նաև այդ ծրագրերում նորովի ներգրավել Ռուսաստանի հայության ներուժը` ինչպես ինտելեկտուալ-հետազոտական, այնպես էլ ֆինանսական-ներդրումային: Համապարփակ նման համագործակցության պայմաններում հնարավոր է հասնել Ռուսաստանից ոչ միայն գազի, այլ նաև այլ ռազմավարական բնույթի հումքային արտոնյալ մատակարարման Հայաստանին:

Այնպես որ, դեկտեմբերի 27-ի հանդիպումը հերթական բանակցային փուլն է, որը կարելի է քաղաքական, տնտեսական և անվտանգային լայն օրակարգի առաջադրումով միջպետական հարաբերությունների նոր որակի մեկնակետ դարձնել:

– ՀԱՊԿում առաջացած ճգնաժամն ինչպե՞ս կհանգուցալուծվի։ Պարզվում է, որ կա Բելառուսի թեկնածուին՝ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որն ուրբաթ օրը ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Դեկտեմբերի 22-ին այն ստորագրել է նաև Տաջիկստանի նախագահը: Իսկ Ստանիսլավ Զասը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու հայկական կողմի հետ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս փուլում նպատակահարմար չեն համարում նրա հետ հանդիպումը:

– Այո, կա Բելառուսի թեկնածուի համաձայնեցման նախագիծ, որն արժանացել է կազմակերպության անդամ հինգ երկրների նախագահների հավանությանը, բայց ամեն մեկը չէ, որ այս մասին հայտնել է ասուլիսում, ինչը գործընթացն ուղեկցող հուզական մասն է: Այն արդեն իբրև որոշման նախագիծ դրվում է շրջանառության մեջ՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի և հետագայում նաև ՀԱՊԿ խորհրդի որոշում դառնալու համար:

Այստեղ ծագում է բնական հարց. չէ՞ որ ՀԱՊԿ խորհուրդը նման որոշումները ընդունում է կոնսենսուսով, առանց վեցերորդ երկրի համաձայնության ինչպե՞ս են լուծելու այս հարցը: Խնդիրն այն է, որ կոնսենսուսի դրույթը սահմանող ՀԱՊԿ կանոնադրության տասներկուերորդ հոդվածը ասում է նաև, որ հատուկ դեպքերում որոշումները կարող են ընդունվել սահմանափակ քանակի երկրներով, իսկ չմասնակցող երկրի համար այդ որոշումը կարող է պարտադիր չլինել: Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Նազարբաևը առաջարկել է Բելառուսի թեկնածուի առաջադրման համար առաջնորդվել հենց այս դրույթով:

Առանձնապես գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ շատ երկրների ղեկավարների մոտ նոր գլխավոր քարտուղարի առաջադրման իրավունքը այբբենական կարգով հաջորդ երկրին` Բելառուսին անցնելու համար տրամադրությունները գերակայում էին դեռևս ամռանը, երբ անսպասելիորեն կամ առանց գործընկերներին տեղյակ պահվելու կալանավորվել էր գործող գլխավոր քարտուղարը: Նա բոլորի վարչական պաշտոնյան է համարվում, այլ ոչ թե մեկ կողմի, որքան էլ որ նրա թեկնածությունը առաջադրում է կոնկրետ երկիր: Խաչատուրովի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու որոշումից հետո, երբ Հայաստանը պնդում էր նոր թեկնածություն առաջադրելու իր իրավունքը, իսկ Բելառուսը՝ այդ իրավունքը ռոտացիոն կարգով արդեն իրեն պատկանելը, առաջացավ երրորդ՝ մինչև 2020թ. Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատար լինելու հարցը: Դրան հատկապես դեմ են Ղազախստանն ու Բելառուսը՝ վտանգ զգալով ռոտացիոն կարգի չեղարկման համար, և ահա թե ինչու: Երբ տարիներ առաջ, հիմնականում Ղազախստանի պնդմամբ, որոշվեց, որ 2016 թվականից վերջապես ՀԱՊԿ-ում սկսելու է գործել գլխավոր քարտուղարի ռոտացիոն կարգը, և Հայաստանը իբրև այբբենական կարգով առաջին երկիր պետք է թեկնածու ներկայացներ, Ռուսաստանը առաջարկել էր ևս մեկ տարով երկարաձգել այդ կարգի ուժի մեջ մտնելը, որպեսզի հնարավորություն տրվի գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ավարտին հասցնելու մի շարք ծրագրեր: Հայաստանը համաձայնել էր դրան, վստահ եմ՝ դիմացը որոշակի առավելություններ ստանալով հայ-ռուսական հարաբերությունների կոնկրետ ոլորտում: Դրան բավական լարված էին վերաբերվում Ղազախստանն ու Բելառուսը՝ նույնիսկ առաջարկելով, որ եթե Հայաստանը չի ուզում օգտվել իր իրավունքից, ապա թող այն այբբենական կարգով անցնի Բելառուսին: Հիշում եմ, որ ռուսաստանյան մի շարք քաղաքական միջանցքներում նույնիսկ այս իմաստով կատակում էին, որ Լուկաշենկոյի համար այբուբենը սկսվում է «բ» տառից: Այնուամենայնիվ, դիմադրելով հանդերձ՝ իրենք էլ համաձայնեցին ռուսական կողմի առաջարկին: Եվ այս պատճառով է, որ ռոտացիոն կարգը կիրառվեց, երբ ավարտվեց նաև Բորդյուժայի պաշտոնավարման մեկ լրացուցիչ տարին: 2017թ. սկզբին Հայաստանը առաջադրեց Խաչատուրովի թեկնածությունը, ինչը հաստատվեց ապրիլին: Հարկ է ավելացնել, որ իր մեկ տարի լրացուցիչ պաշտոնավարման շրջանում՝ 2016 թվականի ընթացքում, Բորդյուժան հաճախ էր լինում Հայաստանում, իսկ Նազարբաևը նույնիսկ արդեն նրան չէր ընդունում Աստանա կատարած այցերի ժամանակ՝ ուղարկելով ոլորտային նախարարների մոտ:

«Խաչատուրովի կազուսից» հետո, համարելով, որ թեև մասնակի ժամկետով, բայց Հայաստանն արդեն իր հերթը օգտագործել է և նոր թեկնածու չպետք է առաջադրի, Ղազախստանն ու Բելառուսը ռուսաստանցի պաշտոնակատարի դեպքում վտանգ զգացին, որ հետագայում ռոտացիոն կարգը ինչ-որ հիմնավորումով կարող է նորից չկիրառվել: Դրա համար է, որ Լուկաշենկոն հայտարարում է, որ եթե չեք ուզում բելառուսին, խնդրեմ՝ թող անցնի ղազախին, միայն թե ռոտացիայով առաջ գնանք:

Ո՞րն է լինելու Հայաստանի պահվածքը: Փաշինյանը ճիշտ շեշտադրումներ է անում, որ խնդիրը գլխավոր քարտուղարը չէ, այլ կազմակերպության արդյունավետության հարցը: Կարծում եմ, որ Հայաստանում ճիշտ եզրակացություն են արել միջազգային չինովնիկին կալանավորելու հուլիսյան վրիպումից, ինչպես նաև ելնում են միջազգային բնույթի կառույցում ոչ թե սենսացիա փնտրելու, այլ կառուցողական աշխատանք տանելու սթափ դիրքերից: Բազմաշահ ու բազմաշերտ նման հարթակներում համբերատար ու երկարատև աշխատանքով ու երբեմն նաև միլիմետր առ միլիմետր են ամրապնդում սեփական դիրքերը:

Բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ՀԱՊԿ թեման Հայաստանում քննարկվում է «մենք» և «նրանք» ձևաչափով, այն դեպքում, որ Հայաստանը կազմակերպության հիմնադիր ու արդյունավետ աշխատանք տանող անդամներից է: Համարել, որ տարբեր շահեր համադրող կառույցում ինչ որ դրսևորվում է, ուրեմն անպայման ուղղված է մեր դեմ, նշանակում է մեզ անհարկի թիրախ դարձնել, նախապաշարված ու կանխակալ տրամադրությամբ ու օրակարգով մասնակցել սեփական շահերի սպասարկման հնարավորություն տվող կառույցում:

Դրա համար էլ երբեմն հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը ՀԱՊԿ և Ռուսաստանի դեմ ինչ-որ սցենար է իրականացնում, ինչի արմատավորումը հատկապես այս զգայուն փուլում կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի կենսական շահերին:

ՀԱՊԿ-ը Ռուսաստանի՝ իբրև համակարգաստեղծ պետության և երեք տարածաշրջանների երկրների շահերի հնարավոր հավասարակշռման, այլ ոչ թե համահարթեցման հարթակ է: Առանց դրա այդ տարածաշրջանների երկրների շահերը և կողմնորոշումները որոշ դեպքերում ավելի սուր ու կտրուկ կերպով կդրսևորվեն, ինչը Հայաստանի անվտանգության հարցերի տեսանկյունից ձեռնտու չէ:

Իսկ կոնկրետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով համարում եմ, որ Հայաստանը իր այլ շահերի բավարարման դեպքում կմիանա Բելառուսի թեկնածուի հաստատման գործընթացին: Խնդիրը այդ շահերը ձևակերպելն ու բանակցային օրակարգ դարձնելն է, այլ ոչ թե հայտարարություններով ոմանց հետ մրցակցելը: Կարծում եմ, որ դեկտեմբերի 27-ին նման հարցեր կքննարկվեն ՌԴ, իսկ հետագայում նաև մյուս երկրների հետ:

Պարոն Նավոյան, հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության աղմկոտ նախագիծը։ Նախագծի համաձայն՝ Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում: Սա ինչպե՞ս կընկալվի Սփյուռքում։

– Հայտարարվել է, որ այդ նախագծով տեղի են ունենալու կառուցվածքային բարեփոխումներ, մշակույթի նախարարությունը միավորվելու է կրթության և գիտության նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարության փոխարեն կլինի սյլ ստորաբաժանում՝ հավանաբար ԱԳՆ կազմում: Այսինքն՝ Սփյուռքի հետ հարաբերությունների գործառույթները պետականորեն պահպանվելու են: Իհարկե, գործ ունենք պետական համակարգի աշխատողների կրճատման ցավոտ հարցի, ինչպես նաև խնդրի բարոյական և զգացական մասի հետ, ինչը դրսևորվում է այս օրերին: Բայց չեմ կարծում, թե Սփյուռքի հետ պետության համագործակցությունը հնարավոր է պայմանավորել միայն մեկ որոշմամբ կամ մեկ գերատեսչության գործունեությամբ: Կառուցվածքային այն դրությունը որ ունենք, առաջացել է տարբեր փուլերում Սփյուռքի հետ հարաբերությունների եղած պատկերացումներից և պետական համակարգի զարգացման հոլովույթից: Անկախության առաջին տարիներին իբրև համագործակցության հիմնական կառույց դիտարկվել է «Հայաստան» հիմնադրամը: 1996թ. Արմեն Սարգսյանը իր վարչապետության ժամանակ ցանկանում էր կառավարությունում ստեղծել Սփյուռքի վարչություն, այդ նպատակով նույնիսկ մրցույթ անցկացվեց, բայց այն ժամանակ վարչապետի կարճատև պաշտոնավարումը թույլ չտվեց կյանքի կոչել այդ ծրագիրը: 1998-2008թթ. գնացինք առանձին գերատեսչություններում Սփյուռքի հարցերով ստորաբաժանումներ ստեղծելու ճանապարհով: ԱԳՆ կազմում ստեղծվեց գործակալություն, իսկ կրթության և գիտության, հետագայում նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններում՝ բաժիններ:

Ինքս 1998թ. կրթության և գիտության նախարարություն եմ հրավիրվել Սփյուռքի հարցերով զբաղվելու համար և մինչև 2003թ. Ռուսաստան տեղափոխվելը ղեկավարել եմ Սփյուռքի նորաստեղծ բաժինը: Այդ փուլի խնդիրն այն էր, որ ըստ ոլորտների սահմանվեր և պետական քաղաքականություն դառնար պետության դերը Սփյուռքի հետ հարաբերություններում և պարտականությունը Սփյուռքի կենսունակության պահպանման համար: Կրթական մասով մշակվեցին ու գործադրվեցին Սփյուռքի կրթօջախները դասագրքերով ապահովելու, նրանց համար նպատակային կերպով հայագիտական և մանկավարժական կադրեր պատրաստելու, գործող ուսուցիչների վերապատրաստման, ըստ լեզվական և քաղաքակրթական միջավայրերի հատուկ մեթոդական ձեռնարկների ստեղծման, դեպի Հայաստան Սփյուռքից աշակերտների և ուսանողների ճանաչողական այցելությունների կազմակերպման և այլ ծրագրերը, որոնք հիմա էլ տարբեր կերպ շարունակվում են:

2008թ. ԱԳՆ կազմում ստեղծվեց Սփյուռքի կոմիտե, որը տարվա վերջին առանձնացվեց ու դարձավ նախարարություն: Կարծում եմ, որ այստեղ Սփյուռքի վրա հոգեբանական ազդեցություն գործելու պահ կար. հայ-թուրքական արձանագրությունների մոտալուտ հրապարակումից առաջ պետությունը ցանկանում էր ապահովել Սփյուռքի լոյալությունը դրանց: Բայց մենք տեսանք, որ այն պայմանները, որ կային այդ արձանագրություններում, ոտքի հանեցին արտերկրի մեր հայրենակիցներին, և Սփյուռքի նախարարության ստեղծման տպավորությունը անզոր էր դա չեզոքացնելու: Հայ-թուրքական արձանագրությունները փակուղի մտնելուց հետո թվում էր, թե պետության նկատմամբ Սփյուռքի վստահությունը շահելու իմաստով նախարարության ստեղծումը կորցրել է իմաստը: Բայց Սփյուռքի օրվա նախարարի կառավարման փորձի, մասշտաբային, այդ թվում և մասնագիտական ֆորումների շնորհիվ նախարարությունը կարողացավ աշխատանքային օրակարգ ստեղծել և լայն ու հավասարակշռված ընդգրկում ապահովել, ինչը կարևոր պայման է՝ ելնելով Սփյուռքի որոշակի առանձնահատկություններից: Այդ ծրագրերի շնորհիվ հազարավոր երիտասարդներ կապ հաստատեցին հայրենիքի հետ: Իսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելը թույլ տվեց նախարարությանը ավելի խորը ծանոթանալ Սփյուռքի իրողությունների, գործող կազմակերպությունների և նրանց ծրագրերի հետ: Կա փորձ, որը պետք է պահպանվի, կան գործնականում խնդիրներին տիրապետող մասնագետներ, ովքեր իրենց դերը պետք է ունենան շարունակվող աշխատանքներում:

Բայց ինչպես 2008-ին նախարարության ստեղծումը, այնպես էլ ներկա կառուցվածքային փոփոխությունները կատարվում են առանց նախապես հաստատված բովանդակային ծրագրի ու կառույցը ծրագրի սպասարկմանը ենթարկելու: Միայն «Սփյուռք» բառի օգտագործումը կամ կապի օղակ լինելու պնդումը պարզունակ են դարձնում խնդիրը: Հայաստանում Սփյուռքի հետ կապեր պահպանում են բոլորը՝ ուսումնական հաստատություններից սկսած մինչև մասնավոր ընկերություններ: Սակայն Սփյուռքով զբաղվող ստորաբաժանումը՝ լինի կոմիտե, գործակալություն, թե նախարարություն, պետք է կառավարության որոշումների համար խորքային տարբերակներ մշակողն ու առաջարկողը լինի, այլ ոչ թե միայն Սփյուռքի հետ ընթացիկ կապերով զբաղվի:

Սփյուռքի հարցերով պետական ստորաբաժանումը, եթե կուզեք, Հայաստանի տնտեսության համար՝ լրացուցիչ ոտքի և արտաքին քաղաքականության համար՝ լրացուցիչ ձեռքի դեր պետք է կատարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում