Մեքսիկայի Հալիսկո նահանգում ձերբակալվել է խոշոր թմրակարտելի ղեկավարներից մեկը: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ խոսքը 23-ամյա Ռուբեն Օսեգերայի մասին է, ով «Հալիսկո-Նուևա-Հեներասյոնի կարտել» հանցախմբի հիերարխիայում զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է Մեքսիկայի Հասարակական անվտանգության ազգային համակարգի գործադիր քարտուղար Մոնթե Ռուբիդոն, Օսեգերային և նրա 4 հանցակիցներին ոստիկանությունը ձերբակալել է «առանց մեկ կրակոցի» օպերացիայի շրջանակներում:
Օսեգերան զբաղվել է «Հարավային Ամերիկայից թմրանյութերի անօրինական մատակարարման համակարգմամբ և ղեկավարել հանցախմբի ֆինանսական գործողությունները»:
Օսեգերան հրամաններ է տվել հաշվեհարդար տեսնել այն քաղաքացիների հետ, ովքեր մերժել են համագործակցել հանցախմբի հետ:
Օսեգերայի և նրա հանցակիցների մոտից ոստիկանությունը առգրավել է տարբեր տրամաչափի 11 միավոր հրազեն: Նրանց մոտ հայտնաբերվել են նաև խոշոր չափի դրամական միջոցներ: