Հնդկաստանում վիրաբույժներին հաջողվել է իրարից անջատել սիամական երկվորյակներին, որոնք ընդամենը 3-օրական էին: Ծնողները մտավախություն ունեին, որ վիրաբուժական միջամտությունը փոքրիկների կյանքին վտանգ կսպառնա, սակայն բժիշկներին հաջողվել է նրանց տարհամոզել՝ հայտնում է The Daily Mail-ը:
Ուշագրավ է, որ վիրահատությունն անվճար է կատարվել, քանի որ ծնողները, որոնց անունները չի հրապարակվում, վճարելու հնարավորություն չունեին: Վիրահատությունը տեւել է ընդհանուր 5 ժամ: Վիրահատությանը մասնակցել է 5 վիրաբույժից, 10 բժշկից եւ 15 բուժքրոջից կազմված խումբը:

Ծանր վիրահատությունից հետո բուժանձնակազմը փոքրիկների հետ սելֆի է արել:
Սիամական երկվորյակները, որոնք սերտաճում են մաշկով և ներքին օրգաններով, չափազանց հազվադեպ են ծնվում՝ 200 հազար կենդանածին նորածնից մեկ դեպքում:

Սիամական երկվորյակների 40-ից մինչև 60 տոկոսը լույս աշխարհ է գալիս մահացած, իսկ մոտ 35 տոկոսը միայն մեկ օր է ապրում:
Սիամական երկվորյակների ընդհանուր ապրելիությունը կազմում է միջինը 5-25 տոկոս: Ընդ որում՝ աղջիկների ողջ մնալու հավանականությունը ավելի մեծ է, քան տղաներինը:











































