Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց հեղափոխության օրերին լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործի դատական քննությունը:
Ամբաստանյալներ Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը (եղբայրներ չեն), հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնական անձինք, 2018 թվականի ապրիլի 19-ի երթի ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակայքում լրագրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոց հանդիսացող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Գործով մեղադրողը ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված գնահատելով Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին առաջադրված մեղադրանքը, պնդելով, որ նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ու պատժի, միջնորդել էր Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով, Սուրեն Թորոսյանին դատապարտել տուգանքի՝ 200 հազար դրամի չափով, Արեգ Թորոսյանին դատապարտել տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը դատարանից ակնկալել էր օբյեկտիվ ու արդարացի դատական ակտ:
Տուժող Տիրայր Մուրադյանը նշել էր. «Տպավորություն է ստեղծվում՝ կարծես օդից պատմություն է ստեղծվել, ամբաստանյալներ են հայտնվել, որոնք ոչ մի առնչություն չունեն այս գործի քննության հետ… Դատարանի՝ ներքին համոզմունք ձևավորվելու փուլում դատարանի ուշադրությունը հրավիրում եմ, որ ուշադիր զննի դեպքը տեղի ունենալու ժամանակագրությունը՝ էս դեպքին իրավական գնահատական տալու համար պետք է կոնկրետ ժամանակաշրջանի մեջ դիտել կատարվածը՝ ի՞նչ քաղաքական իրադրություն էր երկրում, ոստիկանության ծառայողին ի՞նչ դեր էր վերապահված այն ժամանակ… Հուսով եմ, որ էս դատաքննությունը առաջին ատյանի դատարանում գոնե տուժող կողմի համար ճիշտ իրավական գնահատական կտա կատարվածին, ու մենք այսքանով կսահմանափակվենք…»:
Ամբաստանյալ Սուրեն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Զորայր Հարությունյանը դատավարական իր հակառակորդների ճառերը համարելով «բավական էմոցիոնալ ճառեր», պահանջել էր, որ դատարանը իր պաշտպանյալի մասով կայացնի արդարացման դատական ակտ՝ հռչակելով ու ճանաչելով նրա անմեղությունը:
Դատական այս նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ երկրորդ ամբաստանյալի՝ Արեգ Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Անի Գրիգորյանը: Նրա պաշտպանական թեզերը նույնն էին՝ ինչ նրա գործընկեր փաստաբանինը՝ Զորայր Հարությունյանինը:
Պաշտպանը կարևորեց, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը կարող է հաստատված համարվել տուժողի՝ իրականում լրագրող հանդիսանալու և լրագրողական վկայական ունենալու հանգամանքների առկայության պայմաններում: Տվյալ հանցավոր արարքը կատարող անձը պետք է գիտակցի, որ խոչընդոտում է հենց լրագրողի մասնագիտական գործունեությանը, այսինքն՝ Արեգ Թորոսյանը պետք է գիտակցեր, որ Տիրայր Մուրադյանը լրագրող է ու տվյալ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում:
Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալին մեղսագրված արարքի կատարման պահին լրագրողը պետք է մասնագիտական գործունեություն իրականացնելիս լիներ: Սակայն տուժողը դեպքի պահին հանգստանալու նպատակով կանգնած էր շենքի անկյունում, նրա տեսախցիկն անջատված էր: «Լրագրողի հանգստի ժամանակը չի կարող համարվել լրագրողական գործունեության»,- նշեց փաստաբան Անի Գրիգորյանը:
Հետևաբար, ըստ պաշտպանի, լրագրողի վրա հարձակումը չի կարող համարվել նրա մասնագիտական գործունեության խոչընդոտում, Արեգ Թորոսյանը չի խոչընդոտել տուժողի կողմից տեղեկություններ հավաքելուն, տարածելուն…
Պաշտպանը, ինչպես և իր գործընկերը, նշեց՝ տուժողն իր ցուցմունքներում չի հայտնել, թե իր վրա հարձակվողները պահանջել են, որ ջնջի, վերացնի լուսանկարները կամ տեսանկարահանած նյութը:
Եվ, ինչպես իր գործընկերը, Ա. Գրիգորյանը ևս ընդգծեց, թե անհնար է նման հանգամանքներում միանշանակ եզրակացության հանգել, թե դեպքի պահին տուժողն իրականացնում էր իր մասնագիտական գործունեությունը:
Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի հիմքում դրված է հիմնականում տուժողի ցուցմունքը, մյուս ապացույցները ստացված են կամ՝ տուժողի հայտնածի հիման վրա, կամ վերաբերելի չեն մեղադրանքին: Տուժողի ներկայացրած որոշ լուսանկարներում նրա հագուստն է պատկերված, որի վրա ոտնահետքեր կան, սակայն այդ հագուստն առգրավված, իրեղեն ապացույց ճանաչված ու գործին կցված չէ, որ կողմերը կարողանային զննել ու հավաստիանալ տվյալ լուսանկարների՝ վերաբերելի ապացույց լինելու հարցում:
Ըստ պաշտպանի՝ տուժողի հայտնած տեղեկությունները դեպքի վերաբերյալ անհնար է համադրել գործով այլ աղբյուրներից ձեռք բերված ուրիշ ապացույցների հետ ու ստանալ մեղադրանքը հաստատող հավաստի ապացույցների համակցություն: Արեգ Թորոսյանի մեղավորությունը հաստատող ապացույցների բավարար համակցություն, պաշտպանի պնդմամբ, գործով ձեռք չեն բերվել:
Պաշտպանը եզրահանգեց՝ իր պաշտպանյալ Արեգ Թորոսյանի մեղավորությունն ապացուցված չէ, նրան դատարանը պետք է արդարացնի՝ կայացնելով արդարացման դատական ակտ:
Տուժող Տիրայր Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ ռեպլիկով՝ նշելով, որ պաշտպանական կողմը, ըստ երևույթին, լավ չի պատկերացնում լրագրողի աշխատանքը՝ ասելով, թե հանգստի մեջ գտնվող լրագրողը այդ պահին լրագրող չէր: Եթե այդ դիտանկյունից նայենք կյանքին, ապա աշխատանքային ընդմիջման պահին նախարարները դադարում են նախարար լինելուց, բժիշկները՝ բժիշկ լինելուց և այլն…
Գրիշա Բալասանյանը պարզաբանեց, որ լրագրողի մասնագիտական գործունեության յուրահատկությունն այն է, որ նա կարող է պարզապես կանգնած նայել իրադարձությունների ծավալմանը՝ տվյալ պահին նույնիսկ չնկարահանելով կամ չլուսանկարելով, այնուհետև գնալ իր աշխատավայր ու գրել իր տեսածի մասին, այդպես կատարելով իր հրապարակումը, իր հավաքած տեղեկատվության տարածումը :
Բացի այդ, տուժողը նշել է, որ իր ծխելու ընթացքում տեսախցիկը պատահաբար էր անջատվել, նրա համոզմամբ՝ տեսախցիկը պիտի որ աշխատելիս լիներ:
Գրիշա Բալասանյանը նկատեց՝ լրագրողի վրա հարձակվելով, նրան բռնության ենթարկելով, այո, խոչընդոտվել է նրա աշխատանքը նաև այնքանով, որ տուժողը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց և այդ օրը անկարող է եղել նյութ պատրաստել:
Տուժողի ներկայացուցչի ռեպլիկի վերաբերյալ ռեպլիկով հանդես եկավ Սուրեն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Զորայր Հարությունյանը: Նա մեկնաբանեց, որ պաշտպանական կողմը չի ասել՝ հանգստի պահին լրագրողը դադարում է լրագրող լինելուց, այլ՝ հանգստի պահին դադարում է նրա լրագրողական գործունեությունը:
Ըստ Զորայր Հարությունյանի՝ ինչ վերաբերում է դեպքից հետո լրագրող Տիրայր Մուրադյանի՝ հիվանդանոց տեղափոխվելուն, ապա դա «եղել է տուժողի կամարտահայտությունը…», արդյո՞ք նրա ստացած վնասվածքները պահանջում էին, որ նա անպայման հիվանդանոց տեղափոխվի:
Պաշտպանը նշեց՝ իհարկե՝ հիվանդանոց տեղափոխվելը տուժողի իրավունքն էր, նա իրացրել է իր իրավունքը, բայց «չի կարելի պատճառահետևանքային կապ տեսնել» տուժողի՝ հիվանդանոց տեղափոխվելու և նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտված լինելու միջև…
Պաշտպանը պնդեց իր դիրքորոշումը՝ նշելով, թե մեղադրանքի ու տուժող կողմերի բոլոր հիմնավորումները… անհիմն են…
Ամբաստանյալները ճառով ու վերջին խոսքով չցանկացան հանդես գալ, միայն ասացին, թե միանում են իրենց պաշտպաններին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը:
Սուրեն Թորոսյանը և Արեգ Թորոսյանը մեղավոր ճանաչվեցին բռնության գործադրմամբ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեցին տուգանքի՝ 300 հազարական դրամի չափով:








































