Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Պաշտպանը բողոքարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ կայացված 09.12.2013թ. դատավճիռը, որով Ս.Հակոբյանը մեղավոր է՝ ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության կազմակերպում, և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվել էր:
Պաշտպան Ե.Սարգսյանը բողոքում միջնորդում է մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ հիշյալ դատավճիռը:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքում հռչակել Ստեփան Հակոբյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ և արդարացված կամ բեկանել նույն դատարանի՝ 06.03.2013թ.` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































