ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր նույնականացման քարտով:
Այնուհետև՝ ժամը 16.17-ին, նույն բնակիչը կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել, սակայն տեխնիկական սարքավորման կողմից արձանագրվել է վերջինիս արդեն իսկ քվեարկած լինելու փաստը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: