Հայաստանի տնտեսությունը 2013 թվականին աճել է 3.5 տոկոսով: Սա 7 տոկոսի կեսն է՝ այն 7 տոկոսի, որ Սերժ Սարգսյանը որպես սահման արձանագրել էր կառավարության պաշտոնավարման համար՝ հայտարարելով, որ դրանից պակաս աճ ապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա:
Սակայն, ինչպես գիտենք, նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք կառավարությունն ամեն ինչ արե՞լ է ավելիի համար: Այսինքն՝ այսպիսով ակնարկվեց, որ կառավարություն փոխելը, գոնե այս օրերին, այնքան էլ չի մտնում Սերժ Սարգսյանի պլանների մեջ, և միևնույն ժամանակ ակնարկվեց, որ միգուցե այս աճը կառավարության պատճառով չէ, որ հազիվ եղել է 3.5 տոկոս:
Սա նշանակում է, որ իշխանությունները պետք է ներկայացնեն ծանրակշիռ պատճառներ, որոնք կհիմնավորեն, թե ինչու չպետք է կառավարությունը փոխվի, երբ Սերժ Սարգսյանի սահմանած 7 տոկոսի ընդամենը կեսն է ապահովել: Կամ էլ այստեղ մեկ այլ տարբերակ կա՝ Սերժ Սարգսյանը ոչ թե չի ուզում կառավարությունը փոխել, այլ պարզապես ի վիճակի չէ: Առավել հավանական է, որ այստեղ գործ ունենք այդ երկու իրողության հետ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի ուզում կառավարությունը փոխել, որովհետև չի կարող փոխել, ի վիճակի չէ:
Առաջին հայացքից տարօրինակ, հակասական պատկեր ենք ներկայացնում, սակայն իրականում նախ՝ Հայաստանում վաղուց արդեն ոչինչ հակասական չէ, և բացի այդ՝ տրամաբանորեն ևս հակասական ոչինչ չկա: Պարզապես Սերժ Սարգսյանը ունակ լինելով հեռացնել կառավարությանը՝ ունակ չէ հետագայում արդյունավետ կերպով բանակցել ներիշխանական թևերի հետ և իր համար ապահովել բանակցությունների այնպիսի արդյունք, որը թույլ կտա վստահելի և կառավարելի վարչապետ ունենալ:
Իրենց հերթին՝ ներիշխանական ուժերն այսօր ունակ չեն հասնելու կառավարության պաշտոնանկության, այսինքն՝ պարտադրել Սարգսյանին պաշտոնանկ անել վարչապետին, սակայն եթե նա վարչապետին հեռացնի, ապա ներիշխանական թևերն ունակ կլինեն նրան արդեն որոշակի պայմաններ թելադրել նոր վարչապետի թեկնածության առումով:
Ահա այս իրավիճակն է, որ հիմք է տալիս ասելու՝ Սերժ Սարգսյանը չի ուզում կառավարությունը փոխել, որովհետև չի կարող: Այսպիսով՝ կառավարությունը վերածվել է ներիշխանական ճգնաժամի հարթակի՝ այն դեպքում, երբ Հայաստանի կառավարության առջև դրված է տնտեսական, սոցիալական ճգնաժամը անհապաղ հաղթահարելու առաքելություն, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը, դրանից բացի, չպետք է զբաղվի որևէ այլ բանով: Ընդ որում, բոլորովին հետաքրքիր չէ, թե կառավարությունն ինչ է արել՝ հնարավո՞րն է արել, թե՞ անհնարը:
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ուղղակի անհնարն անում Հայաստանում մի կերպ գոյատևելու համար՝ էլ չասած այն քաղաքացիների մասին, որոնք անհնարն են անում Հայաստանից հեռանալու համար:
Այս պայմաններում քննարկել, թե կառավարությունը հնարավո՞րն է արել 7 տոկոս աճի համար, թե՞ ոչ՝ նշանակում է ուղղակի ծաղրել վաղուց արդեն անհնարինության սահմանից այն կողմ ապրող Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնց մի մասը նաև արդեն Հայաստանի սահմանից այն կողմ է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































