Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բավական հետաքրքիր պատկեր են ստեղծում Ազգային ժողովում ու ընդհանրապես քաղաքական դաշտում։ Ինչպես և կանխատեսվում էր՝ իշխանության ձևավորման հարցում վճռական նշանակություն ունեցող այս ընտրություններում վստահ հաղթանակ տարավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը»՝ ստանալով ընտրողների ձայների 70․43 տոկոսը։ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» ստացել է քվեների 8․27 տոկոսը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 6․37 տոկոս։ Այս երկուսը իրար մեջ կբաժանեն պատգամավորական մանդատների մնացած 30 տոկոսը։
Ուժերի նոր փոխդասավորություն
Խորհրդարան չանցան ԱԺ-ի նախորդ գումարման ընտրությունների արդյունքներով իշխանական կոալիցիա ձևավորած երկու ուժերը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), որոնք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի ընտրական շեմը (ՀՀԿ-ն ստացավ ձայների 4․7, ՀՅԴ-ն՝ 3.89 տոկոսը)։ Այսպիսով, Ազգային ժողովում ներկայացված չեն լինի ո՛չ ազգային-պահպանողականները, որոնք փորձում էին արժեքային, գաղափարաբանական դաշտում հակադրվել իշխող ուժին, ո՛չ ազգային-սոցիալիստները, ո՛չ կրկին ազգայնական թևը ներկայացնող «Սասնա ծռերը», ո՛չ սոցիալ-դեմոկրատները՝ ի դեմս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության, ո՛չ էլ ընտրապայքարին միացած մյուս ուժերը։ Դրա hետևանքով խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմնում կունենանք գաղափարական առումով բավական ունիվերսալ քաղաքական մեծամասնություն, գլխավորապես մեկ անձի հեղինակության ու ֆինանսական միջոցների վրա հիմնված, դասական առումով ապագաղափարական «Բարգավաճ Հայաստանը» և ազատական, ընդգծված եվրոպամետ, արևմտամետ «Լուսավոր Հայաստանը», որի գլխավոր առաջնահերթություններից մեկը Հայաստանի խոր եվրաինտեգրումն է։ Որքանո՞վ սա կազդի Հայաստանի ընդհանուր արտաքին քաղաքականության վրա, և ուժերի նման փոխդասավորությունը ի՞նչ ուղերձ է Հայաստանի միջազգային գործընկերներին։
Կլինեն ճշգրտումներ
Հայաստանցի և ռուսաստանցի որոշ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության արտաքին քաղաքականության մեջ, իհարկե, կտրուկ փոփոխություններ չեն լինի, որովհետև ներկայիս իրավիճակում արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը հղի է լուրջ վտանգներով, և Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է, որ ժողովրդավարությունն իր թիմի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ արժեհամակարգ, և թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Օրինակ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով նոր խորհրդարանի պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը ոչ միայն կանխատեսում է, որ որոշ ճշգրտումներ կլինեն Հայաստանի արտաքին և անվտանգային ոլորտում, այլև կարծում է, որ արտաքին քաղաքականությունն ինչ-որ իմաստով արդեն իսկ փոխվել է, բայց այդ փոփոխությունը ոչ թե արտաքին քաղաքական ուղղությունների մեջ է, այլ գործելաձևի մեջ։ Այլ խոսքերով՝ նոր կառավարությունը նպատակ չունի խզել հարաբերությունները Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, կամ նվազեցնել այդ հարաբերությունների մակարդակը, դուրս գալ հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներից (ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ), բայց փորձում է բարձրացնել այդ հարաբերությունների որակը, դրանք դարձնել իրավահավասար, հորիզոնական, ոչ թե ուղղահայաց, ճշտել նույն ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դաշնակիցների պարտավորությունները միմյանց հանդեպ, բարձրացնել այս կառույցների արդյունավետությունը։
«Հիմնական փոփոխությունը կապված չէ կողմնորոշումների հետ, այլ կապված է Հայաստանի իշխանությունների կողմից ավելի պատշաճ և արդյունավետորեն սեփական շահերը ներկայացնելու հետ»,- ասում է Իգիթյանը՝ ավելացնելով, որ առաջընթաց կա նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում և 2017 թ․ նոյեմբերին Երևանի և Բրյուսելի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գաղափարները կյանքի կոչելու հարցում։
Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ որոշ ճշգրտումներ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ոչ միայն հնարավոր են, այլ լիովին արդարացված են, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունները շատ իներտ է գործել և շատ պասիվ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նոր խորհրդարանն արևմտամետ չէ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը դժվարանում է կանխատեսել, թե կփոխվի՞ արդյոք կամ որքանո՞վ կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը Փաշինյանի կառավարման օրոք:
«Նման հարցեր քննարկելու բարդությունը նրանում է, որ մենք չունենք որևէ հստակ ծրագիր այս ընտրություններին մասնակցած քաղաքական որևէ քաղաքական ուժի կողմից։ Այո, ունենք ուղղությունների, սկզբունքների ինչ-որ ուրվագծեր, բայց կոնկրետ օրակարգերը չունենք, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր վեկտորն ինչպիսին կլինի, և ո՞ր ուղղությամբ ի՞նչ սպասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։
Քաղաքագետը չի կարծում, թե Ազգային ժողովի 7-րդ գումարումը արևմտամետ խորհրդարան է լինելու, եթե հարցին նայում ենք, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի շատ ներկայացուցիչների լիբերալ հայացքների կամ «Լուսավոր Հայաստանի» եվրոպամետության տեսանկյունից։
«Բոլոր քաղաքական ուժերը, որոնք նախկինում շատ ավելի ազատ էին իրենց դիրքորոշումները հայտնելու հարցում, այս վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն խմբագրեցին իրենց արտաքին քաղաքական տեսլականը։ Դա արեց «Իմ քայլը», դա նկատելի էր նաև «Լուսավոր Հայաստանի» ծրագրում։ Այնպես որ, նրանց եվրոպամետ կոչելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Իսկ մնացած առումներով՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց Սաֆարյանը։

Ամենաքիչ «ռուսամետ» խորհրդարանը
Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այլ կարծիք ունի Հայաստանի նոր խորհրդարանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տրոֆիմչուկը կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրություններով ընտրված հայկական խորհրդարանը, եթե կարելի է այդպես արտահայտվել, նախորդ գումարումների հետ համեմատ՝ ամենաքիչ «ռուսամետն» է և կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքներ՝ առաջին հերթին այն պատճառով, որ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները, ըստ էության, դավանում են արևմտյան տիպի լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն։
«Կարելի է նույնիսկ ասել, որ ողջ խորհրդարանը կուզենար ավելի շատ դուր գալ Արևմուտքին, քան Ռուսաստանին, որին առաջվա պես հանգստացնում են այն հայտարարություններով, կարգախոսներով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվելու։ Հենց դա է ուղերձը հակադիր կողմին։ Ենթադրում եմ, որ այն կողմում այդ ուղերձը կհասկանան և կգնահատեն ձգտումը»։
Հայաստանը շարժվում է դեպի Արևմո՞ւտք
Այսպիսով, Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, թե Հայաստանն արդեն իսկ բռնել է արևմտամետ կողմնորոշման ուղին, որովհետև Հայաստանի եվրաինտեգրման համար մեծ ջանքեր պետք էլ չեն, քանի որ Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրվել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք, և հիմա մնում է միայն կյանքի կոչել այդ փաստաթուղթը։ Իսկ Եվրասիական ինտեգրումը, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, «նոր Երևանին» պետք է Մոսկվային «թեթև շանտաժի» ենթարկելու համար։
«Եթե չլինեն արտոնություններ և ավելի մեծ ուշադրություն Հայաստանին եվրասիական կառույցներում՝ կգնանք դեպի Արևմուտք»,- այսպես է Տրոֆիմչուկը հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
«Նիկոլ Փաշինյանը նստում է այս կշեռքին, բայց ոչ այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի հետ, որովհետև Յանուկովիչն ավելի սերտորեն էր կապված Մոսկվայի հետ, քան Փաշինյանը, որին սկզբունքորեն ոչինչ չի խանգարում»,- նշեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ տեղի ունեցած ընտրությունների գլխավոր խնդիրը ընտրություններին մասնակցած ընտրողների բավական ցածր՝ «ոչ հեղափոխական» ցուցանիշն է։
«Դա ցույց է տալիս, որ վստահությունը բարեփոխումների գործընթացին անկում է ապրում, և ժողովուրդն այժմ ուզում է արդյունքներ տեսնել։ Դժվար թե Ռուսաստանին դուր գա հնարավոր այն տարբերակը, երբ կոնկրետ սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների փոխարեն՝ Փաշինյանի կառավարությունը նոր նպատակ դնի բնակչության առաջ՝ շարժում դեպի «բարգավաճ Եվրոպա»։ Այսինքն՝ արդյունքների բացակայությունը կարող է շատ հեռու տանել Հայաստանին»։
Հայ-ռուսական հարաբերությունները՝ նոր արկածների նախաշեմին
Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադարձավ նաև այն հարցին, թե նոր կառավարության օրոք որքանո՞վ կփոխվեն հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի քաղաքականությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում։
«Հայ-ռուսական հարաբերություններն առայժմ կմնան նախկին մակարդակի վրա։ Նիկոլ Փաշինյանը այս իմաստով շատ ավելի զգուշավոր գործիչ է, քան իր գործընկերները Վրաստանում կամ Ուկրաինայում, երբ այնտեղ տեղի էին ունենում համանման գործընթացներ։ Նա հասկանում է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը կամ թուլացումը առաջին հերթին կվնասի հենց իրեն՝ Հայաստանին։ Այդ պատճառով առաջ է շարժվում շատ զգույշ՝ քայլ առ քայլ։ Հնարավոր է, որ սա պատճառներից մեկն է, թե ինչու է իր նախընտրական դաշինքը կոչվում «Իմ քայլը»։ Ենթադրում եմ, որ Նիկոլ Վլադիմիրովիչն այժմ ավելի կոշտ ու կոնկրետ է ներկայացնելու իր պահանջները ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի գործընկերներին, քանի որ կարծում է, որ դրանք վերջապես ամրապնդված են իր լեգիտիմությամբ։ Լեգիտիմության այդ գիտակցումը քարտ-բլանշ կտա վարչապետին՝ Արևմուտքի քաղաքական ղեկավարների հետ ավելի սերտ համագործակցության համար։ Ըստ էության, նա չէր էլ թաքցնում, որ ներդրումները Միացյալ Նահանգներից Հայաստան կարող են գալ միայն խորհրդարանական ընտրություններից հետ։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր փորձությունների ու արկածների նախաշեմին են»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը։
Ընդամենը մտավախություններ
Ռուսաստանցի փորձագետների նման մտավախությունները, իհարկե, իրենց տեսանկյունից, ռուսական շահերի տեսանկյունից միանգամայն հասկանալի են, բայց դրանք միայն մտավախությունների ու անհանգստությունների մակարդակի վրա են, որովհետև, ինչպես տեսանք վերևում, հայաստանցի փորձագետը ճիշտ հակառակ ձևով է ընկալում Փաշինյանի դաշինքի և մյուս խորհրդարանական ուժերի արտաքին քաղաքական նախասիրությունները և չի կարծում, որ սա լինելու է «արևմտամետ» կամ «եվրոպամետ» խորհրդարան։ Անշուշտ, պարզ է, որ Հայաստանն այնպիսի բարդ վիճակում է, որ ստիպված է վարել բազմակողմանի, փոխլրացնող արտաքին քաղաքականություն, և եթե նույն Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները համարժեք չեն Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական ուղղության մակարդակին ու խորությանը, այնուամենայնիվ, պակաս կարևոր չեն մեր արտաքին հարաբերությունների, տնտեսական զարգացման և շատ այլ հարցերի տեսանկյունից, որքան էլ դա Ռուսաստանում չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել։









































