«Կոռնիձոր» ազատագրական ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) համոզմամբ՝ 22-ամյա ՀՀ զինված ուժերում բացերը լրացնելու լավագույն տարբերակը կանոնակարգին հետևելն է, բարոյահոգեբանական կերպարը էլ ավելի բարձրացնելը:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում նշեց, որ ԶՈՒ անձնակազմի աշխատանքը պետք է լինի օրնիբուն, սպա-ենթասպա-սերժանտ-շարքային հարաբերությունը պետք է կանոնակարգային լինի. «Բարեկամ-քավոր-սանիկ հարաբերությունը պետք է դուրս մղվի բանակից, զուտ ծառայողական մոտեցում է պետք: Այդ ամենը իրականացնելու արդյունքում բանակը կունենա առաջիկա լավագույն դեմքը»:
Մեր այն հարցին, թե բանակը՝ որպես հասարակությանը կապող միջոց, որքանո՞վ է իրեն արդարացնում, Ա.Խուդավերդյանը պատասխանեց, որ չի արդարացնում, որովհետև տպավորությունն այնպիսին, է, որ երեխան գնում է ծառայելու, և միջինից ցածր խավի ներկայացուցիչները թողնում են իրենց բոլոր հոգսերը և սկսում բանակում պահել իրենց զինվորներին: Բացի դրանից՝ այսօր երիտասարդության մեծ մասը մի բան է ասում՝ ինչո՞ւ նմանվեմ այս կամ այն հերոսին, եթե այնինչը ոչինչ չանելով՝ միլիոններ է դիզում և կարողանում է ղեկավարել պետությունը: «Գուցե պետական գործիչներից շատերը ալերգիա ունեն ազգային բառից, ազգային գաղափարախոսությունից՝ նախընտրելով գլոբալիզմի մայրուղիները, բայց ես կասեի՝ քանի դեռ հայոց հանրապետությունը չի վերադարձել իր ազգային հերոս, ազգային պետություն մտածելակերպին, սարսափելի կլինի մեր վիճակը և այդ միֆիստները մեզ կտանեն դեպի կործանում»,- ասաց ազատամարտիկը:
Հայացք նետելով պատերազմից պետության կողմից ազատամարտիկներին մատուցվածին, մեր զրուցակիցն ասաց, որ իրենց թվում էր՝ իրենք կվերադառնան, և պետությունը իրենց արածի համար սկուտեղի վրա կմատուցի, բայց փոխարենը սկուտեղի վրա երեք մատի կոմբինացիան գոյացավ՝ շատ աշխատողին շալե շապիկ կարգախոսով: «Ճ կլասը եկավ իշխանության և բարոյալքեց ամեն լավ բան, որը երրորդ հանրապետության համար զոհաբերվեց: Ովքեր ոչինչ չունեին, այսօր ամեն ինչ ունեն, հաղթանակը վերագրում են իրենց, իսկ նրանք, ովքեր բուն էպիկենտրոնում էին, երրորդ հանրապետության կրողն ու կերտողն էին, բարդությունները հաղթահարողն էին, բանակի կայացման հիմքում էին, բոլորը՝ անկախ ոլորտային տարբերությունից, հայտնվեցին կոտրած տաշտակի տակ, ոչ թե առաջ, իսկ նրանք, ովքեր պորտաբույծի պես ժելե մազերով սրա-նրա վրայի փոշին մաքրելով ֆռֆռացին, այսօր հայտնվել են առաջնորդող կարգավիճակում»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդ կերպ խեղաթյուրվում է նաև պատմությունը, մարդիկ գումարներ են վճարում և գրքի հերոսներ դառնում: Նա օրինակ բերեց Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գիրքը՝ ասելով, որ այն դարձավ այդ խեղաթյուրանքներն ամրապնդողը:
Այս ամենին զուգահեռ՝ նա նկատեց, որ այսօր բանակում տեխնիկայի, զենքի, զինամթերքի սերնդափոխություններ են կատարվում, սահմանների անխախտ վիճակ է. «Մեր բանակին կցանկանայի կուռ բազուկ, հրամկազմին կցանկանայի, որ իրենց կարգավիճակում լինեին, բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական կերպարի ռեսկի բարձրացում և հաղթական ոգու բարձրացում լիներ: Սպա-զինվոր հարաբերությունները լինեին ինչպես ծնող և երեխա հարաբերությունները, բայց ծառայողական կարգախոսը չմոռացվեր»:












































