ԱՄՆ-ում կալանավորվել է գեղեցկության նախկին թագուհի Ռեմսի Բիրսը: 28-ամյա Բիրսին սպառնում է 100 հազար դոլարը գերազանցող տուգանք և մինչև 20 տարվա ազատազրկում՝ անչափահասի անբարոյականացման և անպատշաճ բնույթի նյութերի տարածման համար:
Հայտնի է դարձել, որ Բիրսը, դպրոցում աշխատելով որպես ուսուցչուհի, 15-ամյա աշակերտին է ուղարկել իր կիսամերկ սելֆիները, ինչպես նաև սեքսուալ բնույթի տեքստային հաղորդագրություններ: Դա շարունակվել է մի քանի ամիս՝ այս տարվա օգոստոսից հոկտեմբեր: Ոստիկանությանն այս մասին հաղորդել են տղայի ծնողները՝ նրա հեռախոսում պատահաբար հայտնաբերելով անպատշաճ լուսանկարներ: Ամուսնացած Բիրսն արդեն ընդունել է իր մեղքը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, 2014 թվականին ցրված սկլերոզով տառապող Ռեմսի Կարպենտերը նվաճել է «Միսս Կենտուկի» տիտղոսը, ինչը նրան թույլ է տվել մասնակցել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթին: Այնտեղ նա հայտնվել է լավագույն 12-ի մեջ՝ ժյուրիին տպավորելով ջութակի վրա իր նվագով: Հարցազրույցում նա ասել է, որ միշտ երազել է տարրական դասարանների ուսուցչուհի դառնալու մասին: 2016-ին Ռեմսին փոխել է ազգանունը Չարլզ Բիրսի հետ ամուսնանալուց հետո: Ներկա պահին կնոջը հեռացրել են դպրոցում աշխատանքից՝ մինչև գործի բոլոր հանգամանքների պարզաբանումը: Նրան ազատության մեջ են թողել գրավով:








































