«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:
– Պարոն Առաքելյան, ադրբեջանական կողմը վերջերս իրեն շատ ագրեսիվ է պահում: Իրավիճակը, ցավոք սրտի, հանգեցրեց հայ զինվորի մահվան: Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ նպատակ է նրանց ագրեսիան հետապնդում:
– Բարեբախտաբար, մենք կայացած բանակ ունենք, իսկ ագրեսորը մնում է միշտ ագրեսոր, իրենք միշտ էլ այդպիսին են եղել: Շատ ցավալի է, որ մեր Արմենը զոհվեց, մեր հերոս զինվորը, բայց այսպիսի մի ասացվածք կա՝ կռվի ժամանակ մեղր չեն բաժանում:
Ադրբեջանը կեղտոտ, լկտի պահվածք է ցուցաբերում: Ինձ թվում է, որ մենք հակահարված պետք է տանք այնպես, որ նրանք ընդհանրապես, մեկընդմիշտ լռեն:
– Ի՞նչ հակահարվածի մասին է խոսքը
– Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կեղտոտ քաղաքականություն է վարում, ոտնձգություններ է անում սահմանին, մեր երեխաներին վնասում: Մի անգամ ուղղակի պետք է այնպիսի հակահարված տալ, որ մի քանի տարի ուշքի չգա, որ չստացվի այնպես, թե իրենք մեզ խփում են՝ մենք կարծես չենք պատասխանում:
– Մտավախություն չկա՞, որ այդ հակահարվածը կարող է պատերազմի հանգեցնել:
– Եթե Ադրբեջանը իրեն թույլ է տալիս մեր սահմանի, մեր երեխաների նկատմամբ կեղտոտ քայլեր անել, մենք էլ պետք է հակահարված տանք: Ադրբեջանի հերն եմ անիծել՝ չկայացած պետությունը ի՞նչ է իրենից ներկայացնում, որ մենք զինվոր ենք կորցնում: Անչափ ուրախանում եմ, երբ լսում եմ, որ մեր տղաները հակահարված են տալիս:
– Ադրբեջանից այս օրերին կարծիքներ են հնչում, թե 2014-ին պատերազմն անխուսափելի կլինի, ի՞նչ կասեք՝ իսկապե՞ս այդքան լարված է դրությունը:
– Ես այսպիսի մի բան ասեմ՝ եթե Ադրբեջան կոչեցյալը, իմանա, որ ինքը պատերազմը սկսի՝ կշահի, նա միանշանակ կսկսի, բայց ինքը լավ գիտի, որ եթե ինքը պատերազմը սկսեց՝ մեծ կորուստներ է ունենալու: Մենք՝ ազտամարտիկներս, ժամանակին տեսաք չէ՞ ինչ արեցինք իրենց հետ, մենք այսօր էլ ենք պատրաստ կանգնել մեր բանակի, մեր երեխաների կողքին:
Ադրբեջանը թող չմոռանա, որ այն տղաները, ովքեր ժամանակին իրենց հերն անիծեցին, այսօր էլ պատրաստ են իրենց հերն անիծել՝ այս անգամ վերջնական: Ադրբեջանը պատերազմ չի սկսի, նա միայն այսպիսի կեղտոտ խաղերի մեջ կարող է մտնել, դիվերսիոն գործողություններ անել և վերջ:
– Պարոն Առաքելյան , մոտենում է Հայոց բանակի օրը, ի՞նչ կասեք մեր բանակի պատրաստվածության մասին: Որքան էլ դժգոհություններ լինեն, համոզված եմ՝ կիսում եք այն տեսակետը, որ մենք պատրաստված բանակ ունենք:
– Ես չեմ ուզում բանակի մասին վատ բան ասել, բայց կան «վայ» հրամանատարներ, որ մեր բանակի, մեր Հայաստանի պատվի հետ են խաղում: Պաշտպանության նախարարը թող մտածի, որ բոլոր զորամասերում նորմալ հրամանատարներ լինեն, բոլոր երեխաներին իրենց երեխաների պես սիրեն , այդ ժամանակ մեր դեմը խաղ չի լինի:
Այո՛, ես նորմալ եմ գնահատում մեր բանակի պատրաստվածությունը: Վերևում նշեցի, որ կան թերություններ, կուզենամ դրանք էլ վերանան՝ դժգոհությունս հիմնականում նշածս հրամանատարների հետ է կապված:
Մեր բանակը, ճիշտ է, երիտասարդ է, բայց հզոր է: Ես հպարտանում են մեր զինվորներով, Արմենով և 7 տղաներով, որ կարողացան Ադրբեջանի դիվերսիոն խմբին վնասազերծել, ափսոսում եմ, որ զոհ տվեցինք, բայց մեր բանակը լավն է կայուն է և պատրաստված:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































