Հեղափոխությունն իր ավարտին կհասցվի Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կապամոնտաժվի նախկին իշխանությունների օրոք ձևավորված խորհրդարանը։ Այս միտքը շատերն են հնչեցրել մայիս ամսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո և արդիական է նաև այսօր։ Հասարակության ակնկալիքները չեն սահմանափակվում, սակայն դեկտեմբերի 9-ով և անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պետք է անել այս էջը փակելուց հետո։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ բոլոր այն թերությունները, որոնց մասին հասարակությունը երկար տարիներ խոսել է՝ պետք է մտնեն օրակարգ.« Պետք է այսպես կոչված ճանապարհային քարտեզ մշակվի։ Իմ կարծիքով երիտասարդ հաղթող քաղաքական ուժը կընդարձակի իր կողմնակիցների ու աջակիցների ցանկը։ Կարծում եմ հաղթանակից հետո խանդը կպակասի։ Պրոֆեսիոնալ, բարձր որակավորում ունեցող գործիչները, տնտեսագետները, իրավաբանները, սոցիալական տարբեր ծրագրերի, միջազգային իրավունքի մասնագետները ևս պետք է ներգրավվեն համակարգի մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արշակյանի դիտարկմամբ՝ հաջորդ տարին բավականին հետաքրքիր է լինելու.«Որովհետև սառը պատերազմը մտնում է իր տաք փուլի մեջ։ Այսինքն ԱՄՆ-ը արդեն հայտարարել է, որ 2019 թվականից նրանք ակտիվ գործողություններ են սկսելու ռուսական իմպերիայի ազդեցության գոտիներում, իսկ այդ ազդեցության գոտիներից մեկն էլ հենց Հայաստանն է։ Հայաստանը դառնում է ակտիվ թատերաբեմ, մենք էլ դրա մասնակցիները ու շատ հետաքրքիր բաներ կտեսնենք։Անկախացումն ավելի արագ տեմպերով կգնա, մեր պետությունն ավելի ազատ, արդար և անկախ կլինի։ Ըստ իս՝ առաջին ծրագիրը դա է»։
Նրա խոսքերով՝ ներքին պայքարը պետք է ներդաշնակեցնենք գերտերությունների, համաշխարհային քաղաքական իրադարձությունների հետ։

Հրապարակախոս Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ բուն ընտրական գործընթացից մեծ սպասումներ չկան.«Իմ համոզմամբ՝ քաղաքական բաղադրիչը, գաղափարական, ծրագրային պայքարը չկայացավ, եղան դրական երևույթներ բանավեճի առումով։ Բայց բանավեճն էլ նոր գաղափարներ ու հույսեր չներշնչեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց.«Այդուհանդերձ՝ դեկտեմբերի 10-ից հետո կունենանք նոր իրավիճակ, որոշ քաղաքական ուժեր, նաև հասարակական, քաղաքացիական կազմակերպություններ հակված են ընտրություններից հետո ծավալել լայն գործունեություն։ Գաղափարական միավորումները և այն, ինչին մենք տենչում էինք՝ նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և նոր Սահմանադրության որոնումները ի հեճուկս իշխանությունների և մնացած քաղաքական ուժերի, որոնք կարծես չեն ուզում այդ գործընթացը արագացնել։ Կարծում եմ մենք կհաղթահարենք այս հետհեղափոխական ոչ այնքան գաղափարական շրջանը, որն ավարտելուց հետո ձեռնամուխ կլինենք արյդունավետ, պետության համար անհրաժեշտ հիմքերի և քաղաքացիական հասարակության ձևավորմանը»։
Նրա խոսքերով՝ այնքան էլ հուսալի չի լինելու պատգամավորական ներուժը.«Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը և քաղաքական ուժերը իսկապես փոխվել են՝ բացի այն հին ուժերից, որոնք նույնն են մնացել։Փոքր խորհրդարանական ներուժ գումարած քաղաքացիական հասարակության բարձր տրամադրություններ ու սպասումներ՝ այդուհանդերձ կարող է արդյունավետ լինել»,-եզրափակեց նա։









































