Հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում «Ժնև-2» ֆորումի շրջանակներում մեկնարկած միջսիրիական բանակցությունները այսօր Ժնևում կշարունակվեն ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի ղեկավարությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է միջազգային հանրության էմիսարը՝ գլխավոր հարցը, որը պետք է քննարկեն Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները, ժնևյան կոմյունիկեի դրույթների էությունն է և դրա իրականացման միջոցները:
Նախօրեին կառավարական թիմը ներկայացրել է կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ իր հռչակագիրը, որով նախատեսվում է, մասնավորապես, պահպանել ազգային ինքնիշխանությունն ու հանրապետության տարածքային ամբողջականությունը, մերժել արտաքին միջամտությունը և դատապարտել ահաբեկչության աջակցությունը:
«Փաստաթղթում ընդգծվում է, որ սիրիացիներն իրենք ժողովրդավարական ճանապարհով կորոշեն երկրի ապագան: Այդ կետն ընդունում է Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, սակայն ընդդիմադիր կոալիցիան այն մերժում է»,- ասել է կառավարությունում գտնվող աղբյուրը:
Այսպիսով՝ սիրիական կողմերը, ըստ էության, չեն կարողացել համաձայնեցնել երկխոսության մեկնարկի թեմատիկան և կետերը:









































