Միքայել Թարիվերդիևին նվիրված՝ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի ունենալիք համերգը շատ հետաքրքիր է լինելու. այն լայն սպեկտրի ստեղծագործություններ է ներառելու: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
«Մեծագույն պատասխանատվություն է նվագել Թարիվերդիևի երաժշտությունը»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս Վերա Թարիվերդիևան էլ նկատեց, որ իրեն շատ հաճելի է իմանալ, որ Միքայել Թարիվերդիևին Հայաստանում սիրում են: «2008-ին էլ Երևանում համերգ ենք ունեցել Հայաստանի պետական նվագախմբի հետ՝ Էդուարդ Թափչյանի ղեկավարությամբ: Ես հաճույքով եմ հիշում այն: Միաժամանակ, վաղուց էի ցանկանում աշխատել Սերգեյ Սմբատյանի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն ուրախ կլինի, եթե Երևանում Միքայել Թարիվերդիևի անվան երաժշտական դպրոց բացվի:
ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովն էլ ասաց, որ սիրահարված է Թարիվերդիևի երաժշտությանը: «Երբ համատեղ համերգի առիթ է լինում, ես ուղղակի վայելում եմ այն»,- ասաց նա:
Իսկ ահա դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը նշեց, որ Թարիվերդիևի երաժշտությունը սիրված է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում: «Ինչ վերաբերում է այսօրվա համերգին, ապա կարծում եմ՝ այն շատ գեղեցիկ կստացվի»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա, ռուսաստանաբնակ հայ ջութակահար Հայկ Կազազյանն իր ուրախությունը հայտնեց, որ այսօր երեկոյան տեղի ունենալիք համերգի տոմսերը սպառված են, և որ իրենց ելույթներն այդքան սպասված են հայ հանդիսատեսի կողմից:
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանն էլ նշեց, ուրախ է մասնակցելու Թարիվերդիևին նվիրված համերգին. «Գարնան 17 ակնթարթի» մի հատված դուդուկով նվագելը դարձել է իր հիմնական ծրագրի անբաժանելի մասը»:








































