Այս ընտրություններում լրագրող պատգամավորի թեկնածուները շատ են. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանը նշեց, որ իսկապես բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում ներգրավված են լրագրողներ, և շատերը կես կատակ – կես լուրջ ասում են, որ Ազգային ժողովը վերածվելու է լրագրողների ժողովի. «Կարծում եմ՝ դա տրամաբանական է, քանի որ մենք՝ լրագրողներս, տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք առկա են եղել Հայաստանում, քաջատեղյակ ենք և, ինչու ոչ, նաև առաջարկում ենք այդ խնդիրների լուծման մեր տարբերակները»:
Ն. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այս ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ ներկայացված են նոր դեմքեր, բոլոր կուսակցություններում նկատվում է երիտասարդացում, և ներկայացված մարդկանցից շատերը հանրությանը ծանոթ չեն:
«Գյումրին միշտ եղել է ընդդիմադիր, չի սիրել իշխանություններին, դեկտեմբերի 9-ից հետո պարզ կլինի՝ Գյումրին ինչքանով է ընդդիմադիր այսօրվա իշխանություններին: Գյումրիում ընդդիմադիր հայացքները հիմնավոր են եղել, կան պատճառներ, շատ խնդիրներ մնացել են չլուծված, և մարդիկ տարիների ընթացքում հիասթափություն են ունեցել: Երկրաշարժից հետո ցավոք կան այնպիսի բազմազավակ ընտանիքներ, որոնք մինչ այժմ ապրում են տնակներում, սա «լավ» պետական քաղաքականության հետևանք է»,- նշեց պատգամավորի թեկնածուն:
Ն. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այսօր գերխնդիրը ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ ունենալն է: Նրա խոսքով՝ քաղաքացուն պետք է միայն հորդորել գնալ ընտրության. «քաղաքացին խոհեմ է և իր ձայնը կտա ճիշտ քաղաքական ուժի»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































