Ուկրաինացի հրշեջները զանգվածային ակցիաների մասնակիցներին կոչ են արել չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը, որոնք են` մարդկանց փրկելը, արտակարգ դրության վայրեր ժամանելը և հրդեհները մարելը: Այս մասին գրում է Interfax-ը:
«Հրշեջների աշխատանքին խոչընդոտելու դեպքեր մի քանի անգամ գրանցվել են Կիևի կենտրոնում` մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հրդեհների չեզոքացման ժամանակ»,- նշվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարությունում:
Այսպես, գերատեսչության տվյալներով` վերջին օրերին «Կիևում ակցիայի արմատականորեն տրամադրված մասնակիցների գործողություններից տուժել է 7 փրկարար, որոնց ձեռքերը և ոտքերը վնասվել են նրանց ուղղությամբ նետված քարերից»:
Ծառայության հայտարարությունում նշվում է նաև, որ ցուցարարները խանգարել են հրշեջների աշխատանքին Թանգարանային նրբանցքում բնակելի և գրասենյակային շենքի հրդեհը չեզոքացնելու ժամանակ:
«Հանուն անվտանգության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դիմում է ակցիայի մասնակիցներին` պահանջելով մարդկանց զանգվածային կուտակման վայրերում պատասխանատու կերպով վերաբերվել բաց կրակի օգտագործմանը: Դա կօգնի կանխարգելել քաղաքի պատմական շրջաններում հրդեհի առաջացմանը և նվազագույնի կհասցնի կրակի սպառնալիքը իրադարձությունների մասնակիցների, ինչպես նաև մերձակայքում գտնվող տների բնակիչների նկատմամբ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:








































