Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

«Լաց լինելու համար ևս ուրախ սիրտ է պետք». Խորեն Արամունի Քեշիշյան

«33 տարի է, ինչ Լոսում եմ, բայց ամեն տարի հայրենիքը ձգում է»,- ասում է ամերիկաբնակ հայ գրող Խորեն Արամունի Քեշիշյանը: Ծնունդով իրանցի արձակագրի թատերգությունները Երևանի և Լոս Անջելեսի բեմերին են` սկսած 1996 թվից մինչև այսօր: Գրականությունից մինչ քաղաքացիական պայքար, դրանում մտավորականության դերի և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»ը զրուցեց Արամունի Քեշիշյանի հետ:

– Գիտեմ, որ Հայաստանում էիք, բայց վերադարձել եք Լոս-Անջելես: Ի՞նչը պատճառ դարձավ, որ վերադառնաք:

– Ես ավելի քան 33 տարի է, ինչ հիմնավորված եմ Լոս Անջելեսում: Հայաստան եմ գալիս, որովհետև չեմ կարող չգալ, իսկ պարտավորված երկու-երեք ամիս հետո վերադառնում եմ, որովհետև այստեղ արմատ եմ գցել ու պոկվելը դժվար է` ընտանիք, շրջապատ, աշխատանք… Որևէ պետության առաջնակարգ խնդիրը օրենքի գերակայությունն ու իր քաղաքացու անվտանգության երաշխավորումն է, այսօր Հայաստանում ոչ օրենք կա, ոչ էլ քաղաքացու անվտանգությունն է երաշխավորված, հակառակ պարագայում` թե հայրենադարձություն կլինի, թե հայրենի հողը լքողներ չեն լինի:

– Հեռվից էլ, վստահ եմ, հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Երիտասարդները կարծեք սկսում են պայքարել իրենց իրավունքների համար, ակտիվանում են քաղաքացիական շարժումները: Ձեզ համար, Ձեր տեսանկյունից` սա ի՞նչ է` Ազգային զարթոնքի սկի՞զբ, երկրի տերը լինելու գիտակցո՞ւմ, թե՞ մի այլ բան:

– Ինչպես ասացի, երիտասարդները, անկախ կուսակցություններից, մեր խոստումնալից ապագան են: Նրանք են ձևավորում քաղացիական հասարակություն: Ժամանակակից տեխնոլոգիայի հնարավորություններից օգտվելով` նրանք տեղեկանում են աշխարհի բոլոր իրադարձություններին, ձևավորվում է հայի նոր տեսակ, հենց այդ տեսակն է, որ երիտասարդացնելու է մեր Ազգային ժողովն ու էլիտար դասակարգը: Ժամանակակից աշխարհում քաղաքական բոլոր շարժումները ձևավորվում են ուսանողների, բուհերի մեջ: Նրանք ոչ միայն պայքարում են միայն իրենց, այլ ամբողջ ժողովրդի իրավունքների համար: Ես լիահույս եմ: Կտեսնեք, որ մոտ ապագայում Ազգային ժողովում միայն կոճակ սեղմողներ չեն լինի, չեն լինի նաև վեցերորդ դասարանի կրթություն ունեցող երեկվա գռուզավիկ քշող գեներալներ… Հիանում եմ օրըստօրե աճող մեր նոր սերնդի ակտիվիստներով: Այնուամենայնիվ, համարձակվում եմ ասել, որ հայրենիքում կարելի է հանդիպել նաև դրական տեղաշարժերի, դրանցից է այսօր ձևավորվող մի սերունդ, որը թոթափել է սովետական քաղաքացուն բնորոշ բարդույթները, ստրկամտությունը, սերունդ, որը ոչ թե «բ..-ի լակոտ» է (ինչպես բնորոշում են օլիգարխներին), այլ գիտակից, տեղեկացված, լեզուների տիրապետող, ոչ միայն կիրթ, այլ քաղաքակիրթ, հայրենիքի հողին ու ջրին կառչած Արարատ է, վանք է, ժայռ է, լուսավոր ջահ է, սեր ու ապագա…

– Մտավորականությունը կարծեք թե երկրի ներքին հարցերին, քաղաքականությանը չի խառնվում, այդ չեզոքությունն արդարացվա՞ծ է արդյոք:

– Սփյուռքահայ լինելով՝ ինձ իրավունք չեմ վերապահում որևէ կերպ անդրադառնալ այդ հարցին, քանի որ ես իմ կաշվի վրա չեմ կարող զգալ հայրենի մտավորականության սոցիալական ծանր ու անմխիթար վիճակը: Հավանաբար գերադասում են ընտանիքի օրապահիկը հայթայթել ու մի անկյունում ծվարած ծխել: Գրող, արվեստագետ ընկերներ ունեմ, որոնք ահավոր ծանր վիճակում են, ֆիզիկապես կան, հոգեպես՝ ՈՉ: Պարսիկները մի սիրուն խոսք ունեն՝ «Լաց լինելու համար ևս ուրախ սիրտ է պետք»:

– Գրողների համար, ընդհանրապես` արվեստագետների համար, միությունների գոյությունը որքանո՞վ է անհրաժեշտ: Ի՞նչ են տալիս դրանք արվեստագետներին, դրանց գոյությունն արդարացվա՞ծ է:

– Միությունների գոյությունը… դրանք դեռ սովետական կարգերից եկած բիզնես-ձեռնարկություններ են: Հիշում եմ՝ Վարդգես Պետրոսյանին ասում էին «բնակարանի բանալի վաճառող»: Թերևս միությունների անհրաժեշտությունը կա, եթե հեռանկարային ծրագրեր մշակվեն, ու նախագահից, վարչականներից մինչև շարքային անդամ՝ անելիք ունենան: Բերեմ միայն մեկ օրինակ՝ հայ գրողների չորս համագումարի եմ մասնակցել, ահավոր անկազմակերպ, ոչինչ չասող հավաքներ են եղել, գրական ոչ մի լուրջ գիտական զեկուցում: Այդ համագումարներում ձեռքբերումս եղել է աշխարհի տարբեր երկներից ժամանած գրչակիցներիս հետ ծանոթանալն ու Ծաղկաձորի հիանալի բնության վայելքը: Այս հարցը բազմիցս բարձրաձայնել եմ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլով, նաև անձամբ խոսել եմ ավելի քան քսան տարվա ընկերոջս, հանգուցյալ Լևոն Անանյանի հետ: Բարեբախտաբար, ոչ մի քննադատություն նրա մոտ նստվածք չէր թողնում: Լևոն Անանյանին իմ դժգոհությունն եմ հայտնել նաև Գրողների միության անդամատոմսերը թռուցիկի նման համայն աշխարհում բաժանելու առիթով: Իմիջիայլոց, Հայաստանում բոլոր գրողները «ամենայն հայոց» են, մեկը մյուսին չի ընթերցում, արհամարհում են հատկապես սփյուռքահայ գրողներին: Անթիլիասում կազմակերպված համագումարի նիստերը երկու անգամ դադարեցվեցին, որովհետև քսանից ավելի հայրենի գրողներից միայն մի քանիսն էին մասնակցում նիստերին, իսկ հայրենի գրողները, իրենց նյութը կարդալուց հետո հաճախ լքում էին դահլիճը: Այս մտայնությամբ անձինք չեն կարող լուրջ միութենական լինել ու միությունը ծառայեցնել իր բուն նպատակներին:

– Կցանկանայի անդրադառնաք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին` Հայաստանը վերանվանել Արևելյան Հայաստան: Պատմաբանները տեսակետ են հայտնում, որ նա այս կերպ փորձում է սիրաշահել Սփյուռքի հայությանը: Ձեզ համար այս առաջարկն ընդունելի՞ է կամ ինչ նպատակ ունի:

– Աստված եղածը պահի, Հայաստանի Հանրապետությունն են վաճառում: Նախ թող Ղարաբաղը փոխեն ԱՐՑԱԽԻ, հետո ապաշնորհ մարզպետներն ու նախարարները իրենց սենսացիոն ու անհեթեթ հայտարարություններով հայրենասիրական թոզ փչեն հուսախաբված ու երկիրը լքող քաղաքացիների աչքերին: Իսկ եթե նա նպատակ է ունեցել իր մանկամիտ հայտարարությամբ դուր գալ սփյուռքահայերին, իհարկե՝ սխալվել է: Այսօրվա դասական Սփյուռքը նախասովետական ժամանակների Սփյուռքը չէ, սփյուռքահայի համար այսօր Հայաստանը շոշափելի ու ճաշակելի է, իսկ նոր Սփյուռքի մեծամասնությունը հայաստանցիներ են, վկա միայն Ռուսաստանը՝ ավելի քան 3 միլիոն, և տարեցտարի թափ առնող արտագաղթը… Եթե Աշոտյանին հարց տանք՝ լավ, բա Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ո՞ւր է, ո՞վ է ղեկավարում, ի՞նչ է պատասխանելու: Հասկացանք, Հյուսիսային ու Հարավային Կորեա՝ երկիր է, որ բաժանվել է երկու մասի, ու ստեղծել են երկու պետություն, այն էլ` թշնամի պետություններ: Կրթության նախարար Աշոտյանն այսքան բան չի հասկանում: Առանց հզոր ու ժողովրդավար Հայաստանի մենք ոչնչի չենք հասնի ու ոչ մեկին դուր չենք գա: Սովետը մեր ժողովրդին կրթեց, միաժամանակ քաղաքաԿՐՏԵՑ: Աշոտյանի հայրենասիրությունը պետք է ապացուցվի ազգային գաղափարախոսությամբ սերունդ դաստիարակելով, ոչ թե նրանով, որ ջատագովն է դարձել օտար լեզուներով դպրոց բացելու գաղափարին: Մեր փրկությունը հզոր բանակն է, առողջ ընդդիմությունն ու մշակութային ճիշտ քաղաքանությունը, իսկ ամենակարևորը` քաղաքացիական հասարակության ձևավորումը: Անիի կործանումից հետո մենք պետականություն ու քաղաք չենք ունեցել, դրա համար էլ գավառական մտածողությամբ ենք փորձում երկիր պահել: Հայի տեսակը փոխվեց այն ժամանակ, երբ դարձանք սովետական քաղաքացի: Պետք է ազատվենք ստրկամտությունից: Անկախություն հռչակելը դեռ ոչինչ չի նշանակում, քաղաքացին նախ ինքը պետք հեղափոխվի, ինքը պետք է ինքնորոշվի, որպեսզի անկախությունը իմաստավորվի: Իհարկե, սրանով ոչ մի խնդիր չի լուծվի, խնդիրները կլուծվեն այն ժամանակ միայն, երբ մենք առողջ ընդդիմություն և գիտակից քաղաքացիական հասարակություն ունենանք, երբ 70 տարվա ստրկամտությունն իսպառ վերանա: Մեր նոր սերնդի հետ մեծ հույսեր եմ կապում, անցած տարվա 100 դրամը ինձ մոտ մեծ խանդավառություն առաջացրեց, անգամ հուզվեցի, օլիգարխներն իրենց սենսացիոն հայտարարություններով թոզ են փչում ժողովրդի աչքերին… միայն քաղաքացիական հասարակություն, հասարակություն, որ քվեն 10 հազարով չվաճառի:

– Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հերքում մեծ քաղաքականություն վերադարձի հավանականությունը: Դրա համար, ըստ Ձեզ, որքանո՞վ է նպաստավոր ստեղծված իրավիճակը:

– Ռոբերտ Քոչարյանը դժվար թե ինքնուրույն մտածեր այդ քայլին դիմելու համար, նա կամ դառնալու է որևէ գերպետության դրածո ու նրա կամակատարը, կամ ընտրակաշառքի տեսքով շռայլելու է կուտակած իր կապիտալը: Կոտրված տաշտակը վերանորոգելու փոխարեն ավելի լավ կլինի նորը թրծենք: Գահընկեց եղած Դեմիրճյանի ու Լևոնի վերադարձի փորձերը կարծես դառնում են ազգային ավանդույթ…:

Առկա քաղաքական ուժերից որո՞նք կընտրեն նրան` իբրև առաջնորդի: Արտաքին գործոնները, խաղացողները կարո՞ղ էին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծել, կամ կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն իր հայտով (կամ հարցազրույցներով) նաև արտաքին խաղացողներին հուշել, գուցե՝ հիշեցնել, որ ինքը կա:

– Որևէ քաղաքական ուժ (կուսակցություն) առանց նախնական պայմանավորվածության, պաշտոնների ակնկալության չի աջակցի նախորդ նախագահին: Համարյա բոլոր կուսակցություններն էլ ժողովրդի մոտ կորցրել են իրենց վարկանիշները, դա գիտակցելով է, որ նախորդ ընտրություններում կուսակցությունները չառաջարկեցին իրենց թեկնածուները, նրանք պարզապես առիթից օգտվելով` փորձում են պղտոր ջրերից ձուկ որսալ: Արդեն ասացի, ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է արտաքին գործոններին հուշել, որ ինքը կա, այլ արտաքին գործոններն են նրան հուշել՝ «Զարթիր լաո, մեռնիմ քըզի»:

– Խոսում են նոր որակի ընդդիմության մասին, կարո՞ղ են այդ նոր որակի ընդդիմության մեջ մտնել դրանք, կամ գուցե ա՞յլ ուժերի մասին է խոսվում: Ո՞վ է այդ նոր որակը:

– Ընդդիմության որակը ո՞րն է: Քսան տարի է` ընդիմությունները «վերանորոգվում» են, ընդդիմադիրները կուսակցությունից կուսակցություն են թռչում, մեզ նոր որակի քաղաքացիական հասարակություն է պետք, որից ծնվող ընդդիմությունը մեծ հավանականությամբ կբերի նաև որակ:

Ասում են` իշխանություններին պիտակավորելուց առաջ հանրությունը պետք է հասկանա՝ իշխանությունն իրենից է ծնունդ առնում: Հասարակության կատարած ընտրությունը որքանո՞վ է գիտակցված լինում, իր ընտրության համար պատասխանատվության զգացողությունն արդյոք կա՞ հանրության մոտ:

– Այո, իշխանությունները մեր հասարակության ծնունդն են, ոչ այլմոլորակային: Բայց նորից եմ կրկնում՝ եթե մենք քաղաքաԿՐՏՎԱԾ չլինեինք և ունենայինք քաղաքացիական հասարակություն, այդպիսի հասարակությունից էլ ծնունդ կառնեին շնորհալի իշխանավորներ: Թող վիրավորական չընկալվի, հասարակությունն իրեն արժանի իշխանավորներ է տվել, Աստված տա` ես ճիշտ չլինեմ: Ասում են, թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը կեղծիքով են գահ բարձրացել, դրա համար էլ երկիրը գնում է կործանման: Իսկ միթե՞ ցրտի ու խավարի «աստված» Լևոն Տեր-Պետրոսյանն ազնիվ ընտրություններով չդարձավ առաջին նախագահ, բայց ինքն էր չէ՞, որ հիմք դրեց ընտրակեղծիքներին` հափշտակելով Վազգեն Մանուկյանի ձայները, վերջում էլ խայտառակ ձևով գահընկեց եղավ: Մի՞թե Զարուբյանն ու Դեմիրճյանն ընտրովի ղեկավարներ էին, իհարկե՝ նրանք Մոսկվայի դրածոներ էին: Ինչո՞ւ է տարեց սերունդը երանությամբ հիշում այդ բռնակալներին: Ընտրությունը մշակույթ է, մենք այդ մշակույթից շա՜տ հեռու ենք, դա նոր է ձևավորվում մեր հասարակության մեջ, դրա համար էլ ընտրողի պատասխանատվության զգացողությունը քիչ է: Քաղաքացիները, համոզված լինելով, որ միևնույն է՝ ընտրությունները կեղծվելու են, 10 հազար դրամով վաճառում են իրենց արժանապատվությունը, իսկ արժանապատիվ քաղաքացի չունեցողի երկիրը, իհարկե, կթալանվի…

– Հայաստանում ամենամեծ դեֆիցիտը վստահությունն է, մյուս կողմից՝ հասարակության շրջանում ապատիա կա, սրանց հանրագումարը կարո՞ղ է դառնալ այն հիմքը, որի վրա հենվելով՝ երկրորդ նախագահը կրկին շանսեր ունենա իշխանության գալու: Արդյո՞ք ստեղծված է այն ծայրահեղ վատ վիճակը, որ կարող է մաքրել մարդկանց հիշողությունը (Պողոս Պողոսյան, Մարտի 1 և այլն):

– «Ապատիա» բառի համար մեկ անգամ ևս դիմեցի Էդվարդ Աղայանի «Հայոց լեզվի ժամանակակից բացատրական բառարանին», որտեղ իմաստը այսպես է մեկնաբանում՝ «հոգեկան անտարբերության հիվանդագին վիճակ»: Իսկապես, եթե մեր հասարակությունը իշխանությունների նկատմամբ կորցրել է իր վստահությունն ու սոցիալական ծանր պայմաններում հասել է հոգեկան հիվանդագին վիճակի՝ ապատիայի, ուրեմն Քոչարյանի շանսերը մեծանում են: Բայց համոզված եմ, որ իմ ժողովուրդը թքած չի ունենա ոչ մարտիմեկյան ողբերգության վրա, որտեղ անմեղսակից չէր նաև ընդդիմությունը, ոչ էլ՝ մյուս սպանությունների: Միայն զարմանում եմ` ինչո՞ւ այդքան շուտ մոռացան Լ. Տեր-Պետրոսյանի թիմի հանցագործությունները: Դա ինձ մտահոգում և մտածելու տեղիք է տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում