Բրազիլիայի մի քանի քաղաքներում ֆուտբոլի աշխարհի առաջնության համար ծախսերի դեմ ցույցեր են տեղի ունեցել:
Ցուցարարները, որոնք պահանջում են այդ գումարներն ուղղել կրթության և առողջապահության կարիքները հոգալուն, դուրս են եկել Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլոյի, Ռեսիֆիի, Կուրիտիբայի փողոցներ: Ցուցարարների թիվը տարբեր քաղաքներում սկսվել է 300-ից, Սան Պաուլոյում այն հասել է 2 500-ի, այստեղ փողոցային ելույթները վերածվել են զանգվածային անկարգությունների, հայտնում է ITAR-TASS-ը:
Սան Պաուլոյի կենտրոնում դիմակներով երիտասարդների խմբերը սկսել են ջարդել խանութների ցուցափեղկերն ու բանկային օֆիսների ապակիները: Խուլիգանները փորձել են շրջել ոստիկանության հերթապահ մեքենան, այրել են մի ավտոմեքենա, որի վարորդը հրաժարվել է ենթարկվել ցուցարարների կանգնելու հրամանին: Ոստիկանությունը «Բլեք բլոկ» անարխո-ծայրահեղական խմբերի ներկայացուցիչներին ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայի 12 քաղաքներում՝ հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը: