Ամերիկյան քաղաքական գործիչ Միթ Ռոմնին, ով 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբամայի գլխավոր մրցակիցն էր, կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային ասպարեզում բազմիցս գերազանցել է Բարաք Օբամային: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես կարծում եմ, որ միջազգային ասպարեզում Պուտինը շատ անգամ է գերազանցել մեր նախագահին»,- ասել է Ռոմնին:
Հիմնավորելով իր տեսակետը՝ նա հիշեցրել է Սիրիայի հակամարտության վերաբերյալ երկու նախագահների տարբեր դիրքորոշումները: ԱՄՆ-ը նախորդ տարվա սեպտեմբերին չի հարվածել Սիրիային Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
Բացի այդ, նա հիշեցրել է նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը:
«Ես կարծում եմ, որ միջազգային իրադարձություններին հետևող մարդկանց մեծ մասը կարծում են, որ Ռուսաստանը բարձրացրել է իր կարգավիճակը, այնինչ ԱՄՆ կարգավիճակը նվազել է»,- կարծում է քաղաքական գործիչը:
Մեկնաբանելով Ռոմնիի ասածները՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին լրագրողներին հայտնել է, որ ինքը չի կիսում այդ կարծիքը. «Ես անկասկած, համաձայն չեմ դրա հետ»:









































