Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ընդունեց Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից նվիրաբերված 2800 եղևնու մատղաշ տնկիները:
Երևանի ավագանին որոշման նախագծին կողմ քվեարկեց միաձայն:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ տնկիներն, ամենայն հավանականությամբ, տնկվելու են Կոմիտասի անվան զբոսայգում, որտեղ կիրականացվի դրանց մշտական խնամքը: « Տնկիների տեղակայման մասին որոշումը հավելյալ կներկայացվի ավագանուն»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ շուտով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը բնապահպանության վարչության նոր պետ կունենա, ով շատ լավ մասնագետ է: «Ես շատ եմ վստահում նրան և գտնում եմ, որ Երևան քաղաքում բնապահպանության ոլորտի հետ կապված շատ չլուծված հարցեր կան»,-նշեց նա:









































