Վաճառքի է հանվել դերասան Կիանու Ռիվզի արձանիկը՝ տխուր դեմքով նստած: Խաղալիքներ արտադրող ճապոնական Idk ընկերությունը ստեղծել է դերասանի արձանիկը՝ ոգեշնչվելով համացանցում տարածված դերասանի լուսանկարներով: Խաղալիքը պատվերով պատրաստվում է 3D-տպիչով:
Արձանիկը Ճապոնիայում վաճառքի հիթ է դարձել: Այն վաճառվում է երկու տարբերակով՝ 10 սանտիմետրանոց, որն արժե 45 դոլար, և ավելի փոքր՝ 2,5 սանտիմետրանոց, որը 25 դոլար արժե:
«Տխուր Կիանուի» լուսանկարները տարածվել էին 2010 թ. մայիսին, երբ Ռիվզին լուսանկարել էին այգում միայնակ տխուր նստած: Համացանցի օգտատերերին թվացել էր, որ Ռիվզը միայնակ և տխուր է, իսկ մի քանի շաբաթ անց Facebook-ում մեկնարկել էր «Բարձրացրեք Կիանուի տրամադրությունը» ակցիան:
Օգտատերերի տարբերակներն անհիմն չեն, քանի որ Ռիվզի կենսագրությունը լի է ողբերգական պահերով: Երբ նա ընդամենը երեք տարեկան է եղել, ծնողները բաժանվել են, իսկ երբ դերասանը նոր է հայտնի դարձել, նրա լավագույն ընկերը՝ Ռիվեր Ֆենիքսը մահացել է թմրանյութերի չարաշահումից:
«Մատրիցա» ֆիլմի թողարկումից հետո դերասանի կինը մահացած երեխա է ծննդաբերել, որից կես տարի անց ինքն էլ զոհվել է ավտովթարից: Ողբերգությունից հետո երկար ժամանակ դերասանն ընկճախտի մեջ է եղել և միայնակ է իրեն զգացել, սակայն հետագայում նա հայտարարել է, որ հաղթահարել է ողբերգության հետևանքները: Ռիվզը համացանցում իր շուրջը ստեղծված իրավիճակին հումորով է վերաբերվում: Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:









































