Արդյունաբերողների և գործարարների միության կողմից այսօր Երևանում կազմակերպվել էր համաժողով, որի ընթացքում քննարկվել են տնտեսության ռազմավարական խնդիրներն ու հեռանկարները:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ համաժողովն ուներ տնտեսության ախտորոշման նպատակ, որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են տնտեսության զարգացման հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները:
«Այսօր երբ քաղաքական հեղափոխության արդյունքները կապիտալիզացվում են, հուսանք, որ ընտրությունների արդյունքում կունենանք քաղաքական դաշտի կայունացում, և արդեն տնտեսական հեղափոխության ժամանակը կգա:
Փորձում ենք գնահատել այսօրվա Հայաստանի ձեռքբերումները և անհաջողությունները և հասկանալ՝ ուր գնալ: Խնդիրները շատ են, բայց այնպես չէ, որ ամեն ինչ սկսելու ենք անապատից: Ներդրումների մասով ունենք որոշակի արգելակում… Բյուջեն եթե հռչակենք հեղափոխական, ուրեմն հետ ենք գնում»,- նշեց Ա. Ղազարյանը:
Նա նաև հավելեց, որ տրանսֆերտների հարկումը նոնսենս է. «Տրանսֆերտները անհատական չեն հարկվում, հարկումը և հայտարարագրումը պետք է լինեն համատարած, մենք չենք կարող կտրել այն հիմնական ճյուղերից մեկը, որի վրա ազգաբնակչության եկամուտներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում: